NEWS.am-ը հարցազրույց է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ։
Ի՞նչ դժվարությունների է բախվում այսօր Հայաստանի Ազգային արխիվը։ Ենթադրում եմ, խնդիրներ կան արխիվային փաստաթղթերի թվայնացման հետ։
Ես դա խնդիր չէի անվանի։ Մինչ օրս մենք փաստաթղթերը թվայնացնում էինք երկու հատուկ սքաներների միջոցով, սակայն ամենայն հավանականությամբ շուտով կունենանք եւս 2-ը, այնպես որ կարելի է ասել՝ խնդիրը լուծված է։ Իհարկե սուտ կլինի, եթե ասեմ, որ մենք կարճ ժամանակահատվածում կարող ենք թվայնացնել բոլոր 300 մլն փաստաթղթերը։ 2 սքաներով մենք տարեկան թվայնացնում ենք 200 հազար փաստաթուղթ։ Ամբողջական թվայնացման համար մի քանի տարի կպահանջվի։
Սակայն առաջին հերթին մենք թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք պահանջարկ են վայելում։ Միաժամանակ կան փաստաթղթեր, որոնց հանդեպ ոչ մի հետաքրքրություն չկա, սակայն կարող է առաջանալ հետագայում գիտության զարգացման հետ մեկտեղ։
Ասացե՛ք, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին քանի՞ փաստաթուղթ է թվայնացվել։
Ցեղասպանությանը վերաբերող բոլոր նյութերը ոչ միայն թվայնացվել են, այլեւ դրանց մեծ մասը հրապարակվել է, իսկ վերջին տարիներին լույս է տեսել դրանց եռահատոր հրատակությունը։ Ավելին՝ դրանք արդեն թարգմանվել են անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն։ Այս պահին աշխատում ենք իսպաներեն հրատարակության ուղղությամբ։ Պլանավորվում է թարգմանել նաեւ ֆրանսերեն։ Յուրաքանչյուր լեզվով գրքերը լույս են տեսել 1000 տպաքանակով։
Ո՞վ է ֆինանսավորում այդ նախաձեռնությունը։
Բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել դրա համար։ Հիմնական ֆինանսավորումն իրենց վրա են վերցրել բարեգործները, մասնավորապես Գագիկ Մելիքյանը, Խորեն Քոթանջյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ռուբեն Ղալաչյանը եւ այլք։ Ծախսերի մի մասը հոգացել է Ազգային արխիվը։
Եկեք մի փոքր խոսենք գրքից։ Ինչի՞ մասին է այն։
Եռահատոր աշխատությունը կոչվում է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»։ Նրա հիմնական արժեքն այն է, որ գրքում ներկայացված են հրաշքով փրկված հայերի վկայությունները։ Իրենց պատմություններից բացի, նրանք պատմել են՝ որտեղ են ապրել, ինչով են զբաղվել, ոնց են սկսվել ջարդերը, ովքեր էին մասնակցում դրանց եւ ինչպես է նրանց հաջողվել փրկվել։
Այսպիսով, մենք առաջին անգամ փորձ ենք ձեռնարկել ներկայացնել առանձին մարդկանց ճակատագրերը՝ նրանց ապրումներով եւ ողբերգական կորուստներով։
Չի կարելի ասել, թե նախկինում նման հրապարակումներ չեն եղել, սակայն մեր պատմաբանները, հատկապես Խորհրդային Հայաստանի պատմաբանները շեշտադրումը դնում էին հարցի քաղաքական կողմի վրա, իսկ մարդն իր տառապանքով դուրս էր մնում տեսադաշտից։
Երբ մենք ասում ենք «կոտորվեց 1.5 մլն հայ», դա վերջին հաշվով չոր վիճակագրություն է։
Ինչպես Դուք նշեցիք, Ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ։ Մենք անուններ ունե՞նք։
Ցավոք, այս ուղղությամբ ոչ մի աշխատանք նախկինում չի տարվել։ Այսօր մեր շուրջ 10 աշխատակիցներ զբաղվում են այդ հարցով։ Նրանք ուսումնասիրում են արխիվային փաստաթղթերը։ Հավաքված ամբողջ տեղեկությունը պահվում է էլեկտրոնային տեսքով։ Ցավոք, արդեն 100 տարի է անցել, եւ շատ բան անվերադարձ կորած է։
Օրինակ՝ հրեաները Հոլոքոստի զոհերի մասին տեղեկություններ սկսեցին հավաքել արդեն 1945թ. եւ այդ պատճառով նրանք ունեն 3 մլն լուսանկար եւ գրեթե բոլոր 6 մլն զոհված հայրենակիցների անունները։ Եթե մենք այսօր նույն բանն անենք, ապա լավագույն դեպքում կարող ենք հավաքել 1000 լուսանկար։
Սակայն պատճառը միայն այն չէ, որ մենք ուշ ենք հիշել։ Չէ՞ որ եղել են գյուղեր, որտեղ բոլորը զոհվել են, եւ հետեւաբար չի եղել գոնե մեկ փրկված, ումից հնարավոր կլիներ տեղեկություններ ստանալ համագյուղացիների մասին։ Մենք, հիմնվելով 1912թ. մարդահամարի տվյալների վրա, միայն կարող ենք ասել, որ Թուրքիայի այսինչ գյուղում ապրում էր այսքան հայ։
Ինչպե՞ս է լուծվում Ցեղասպանության զոհերի ժառանգների ունեցվածքի վերադարձի հարցը։
Ունեցվածքի հարցը բարձրացնում է կոնկրետ անձը։ Մենք տեղեկություններ ունենք 29 300 մարդու սեփականության մասին։ Նրանք կարող են գալ մեզ մոտ այդ տեղեկությունների հետեւից եւ հետո դիմել դատարան։ Հիմնականում մեր տեղեկություններն այն հայերի մասին են, որոնք Թուրքիայից անմիջապես փախել են Արեւելյան Հայաստան։
Արտասահմանյան արխիվներում կա՞ն մեզ համար կարեւոր փաստաթղթեր, որոնք մինչ օրս գաղտնազերծված չեն։
Եվրոպայում չգաղտնազերծված արխիվներ չկան։ Պետք է ասեմ, որ Թուրքիան ինքն էլ հսկայական արխիվային համալիր է կառուցել։ Եվ եթե 5 տարի առաջ ուսումնասիրողների հանդեպ վերաբերմունքը բավական բացասական էր, ապա այսօր յուրաքանչյուր այցելու, անկախ ազգային պատկանելիությունից, կարող է լուսանկարել հազարավոր փաստաթղթեր։ Դրանով Անկարան աշխարհին ցանկանում է ցույց տալ, որ ավելի լիբերալ է դարձել, եւ այնտեղ որոշ փոփոխություններ իրականում կան։
Սակայն հիմնական խնդիրն այն է, որ ռազմական արխիվները փակ են, ընդ որում անգամ Թուրքիայի քաղաքացիների համար։ Իսկ այնտեղ պահվում են Օսմանյան Թուրքիայի գործունեության մասին նյութեր, որոնք մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։
Օսմանյան Թուրքիայի մասին ամենաշատ փաստաթղթերը պահվում են Ստամբուլում, Կահիրեում եւ Բուլղարիայում։ Բուլղարիայում կա Թուրքիայի 16-19-րդ դարերի պատմությանը վերաբերող շուրջ 3 մլն փաստաթուղթ, որոնց ուսումնասիրությունը շատ կարեւոր է, քանի որ նրանց միջոցով հնարավոր է հետեւել հայերի պարբերական ջարդերի քաղաքականությունը։
Ի՞նչն է մեզ խանգարում ուսումնասիրել այդ արխիվները։
Մենք մասնագետներ չունենք։ Ցավոք, այդ բոլոր փաստաթղթերը գրվել են օսմաներեն։ Դա թուրքերենը չէ, ինչպես շատերը թյուրիմացաբար կարծում են։ Օսմաներենը 50 տոկոսով բաղկացած է պարսկերեն, 45 տոկոսով արաբերեն եւ միայն 5 տոկոսով թուրքերեն բառերից։ Օսմաներեն իմանալու համար անհրաժեշտ է իմանալ պարսկերեն, արաբերեն եւ թուրքերեն։ Իսկ նման մասնագետներ մենք չունենք։
Ամբողջ 60-70 միլիոնանոց Թուրքիայում միայն 300-500 մարդ գիտի օսմաներեն։ Ոչ ավել։ Պատճառներից մեկն այն է, որ Աթաթուրքի՝ իշխանության գալով արգելվեց օսմաներենը, իսկ մինչեւ 1922թ. բոլոր փաստաթղթերը կազմվում էին բացառապես այդ լեզվով։





























