Դորտմունդի սուպերմրցաշարն ավարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովի հաղթանակով: 38-րդ անգամ անցկացված մրցաշարն այս տարի ուներ 20-րդ կարգ: Մասնակիցների միջին վարկանիշը 2731 էր:

Վեց մասնակիցներից չորսը համաշխարհային առաջատարների թվում են: Վլադիմիր Կրամնիկի, Շաքրիար Մամեդյարովի, Ռուսլան Պոնոմարյովի և Պետեր Լեկոյի հետ պայքարում էին Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը և վիետնամցի Լե Կուան Լիեմը: Հենց այս երկու շախմատիստները մի փոքր նվազեցրին մրցաշարի կարգը: Ֆավորիտ էր համարվում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, սակայն այս անգամ ինչ-որ բան Կրամնիկի խաղում չստացվեց: Իսկ հաղթողի կոչման համար վերջին տուրում հեռակա պայքար էին մղում Պոնոմարյովն ու Մամեդյարովը:

Ադրբեջանցին սևերով պարտվեց Կրամնիկին և Պոնոմարյովին բավական էր ոչ ոքի խաղալ Լե Կուան Լիեմի հետ: Ուկրաինացին սպիտակներով իր խնդիրը լուծեց և վաստակեց անհրաժեշտ կես միավորը և նվաճեց հեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչումը: Ոչինչ չորոշող պարտիայում Լեկոն հաղթեց Նայդիչին:

1. Պոնոմարյով - 6,5
2. Լե Կուան Լիեմ - 5,5
3. Կրամնիկ - 5
4. Մամեդյարով - 5
5. Լեկո - 4
6. Նայդիչ - 4