Օգստոսի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած Միջազգային Եվրոպական Շարժման Գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Գլխավոր քարտուղարը մասնավորապես նշել է. «Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրականացվող խաղաղ բանակցությունների գործընթացը և պաշտպանում խնդրի կարգավորման երկու հիմնական սկզբունքները. դրանք են` տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Խորհուրդն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ադրբեջանական լրատվամիջողները, մասնավորապես «թուդեյ-ազ» էլ-կայքը, Գլխավոր քարտուղարի հայտարարությունը սկզբունքորեն աղավաղել է` տարածելով բացահայտ ապատեղեկատվություն, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը միայն տարածքային ամբողջականության ենթատեքստում:

Հայաստանի Եվրոպական Շարժման գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր Քարտուղարը նշել է, որ Ադրբեջանցի լրագրողները իրենց հոդվածում ստում են և «թուդեյ-ազ» կայքի փոխանցածը միանշանակ ապատեղեկատվություն է:

Նշենք որ Գլխավոր քարտուղարի այցելության հիմնական նպատակն է Արևելյան Գործընկերության շրջանակներում խորացնել ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը: