ՀՀՇ-ից դուրս գալու հայտարարություն տարածած Կարապետ Ռուբինյանը հայցում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողամտությունը:
Այսօր այդ կապակցությամբ երկու հայտարարություն է տարածվել, որից առաջինի հեղինակը ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն է, երկրորդի հեղինակը` Կարապետ Ռուբինյանը:
Հայտարարությունները ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես՝ առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»:
Արամ Մանուկյան
Հուլիսի 26, 2010 թ.
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է: Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը:
Արամ Մանուկյանի հայտարարությունը ուզում եմ ընկալել որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդավարական բարեփոխումների սկիզբ ու բոլոր նախկին կուսակիցներիս անկեղծորեն հաջողություն եմ մաղթում այդ գործում»:
Կարապետ Ռուբինյան
Հուլիսի 26, 2010 թ.
Հիշեցնենք, որ ՀՀՇ համագումարից հետո, Կարապետ Ռուբինյանը հայտարարել էր, որ համագումարում ընտրությունները կեղծվել են, որի արդյունքում ինքը կուսակցության վարչության կազմում չի ընտրվել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելու համար:




























