Համաշխարհային դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը հրաժարվում է Ռուսաստանի տարածքում մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, հաղորդում է sportcom.ru-ն: Այս շաբաթ Նորվեգիայի Տրոմսե քաղաքում տեղի է ունենալու Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհուրդը, որը հնարավոր է քննարկի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկը: Տոպալովը բաց նամակում հայտարարել է, որ Կազանը, ինչպես եւ Ռուսաստանի որեւէ այլ քաղաք իր համար անընդունելի է, եւ ինքը կարող է հրաժարվել մասնակցությունից: Բուլղարացու կարծիքով՝ 2006-ի «զուգարանային սկանդալից» հետո, որը տեղի ունեցավ Էլիստայում՝ Վլադիմիր Կրամնիկի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում, տրամաբանական կլինի, եթե իր մասնակցությամբ մրցամարտերը ապագայում տեղի ունենան Ռուսաստանի սահմաններից դուրս:
Հավակնորդների մրցաշարը Բաքվից Կազան տեղափոխելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվեց խաղալ Ադրբեջանի մայրաքաղաքում:
Հավակնորդների քառորդ եզրափակիչ զույգերը. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Գատա Կամսկի (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան), Լեւոն Արոնյան (Հայաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել): Քառորդ եզրափակիչն ու կիսաեզրափակիչը բաղկացած կլինեն չորս, իսկ եզրափակիչը` վեց պարտիաներից:




























