Սերժ Սարգսյանի դիրքերն առաջիկա ընտրություններում ամրապնդվեցին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ ՕԵԿ-ը թեկնածու չի առաջադրելու հաջորդ նախագահական ընտրություններում:

«Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի  քաղաքական կոնյուկտուրա կլինի 2-3 տարի անց, սակայն չեմ կարծում, որ ՕԵԿ դիրքորոշումը փոխվի»,- հայտարարել է Բոզոյանը:

Հարցին, թե ինչի՞ հետեւանք է այդ որոշումը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ՕԵԿ թեկնածուն նախօրոք գիտի, որ չի կարող հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: «ՕԵԿ-ի ամենահայտնի եւ ազդեցիկ թեկնածուն իր առաջնորդն է` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սակայն նա 2013-ին չի ունենա բավարար քաղաքական կշիռ: Այդ պատճառով ՕԵԿ-ը ընտրել է այլ ռազմավարություն՝ որոշելով պաշտպանել գործող նախագահին»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, թե իրենց կուսակցությունը չի մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին: