Թուրքիայից այլեւս մաքսանենգ ճանապարհով լոլիկ եւ այլ բանջարեղեն չի ներկրվում Հայաստան: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ին տեղեկացրեց ջերմոցատեր, Արարատի մարզի, Ղուկասավան գյուղի բնակիչ Ռազմիկ Համբարչյանը, որը տարբեր մարզերից մոտ հարյուր այլ ջերմոցատերերի հետ մարտի 30-ին նախօրեին մասնակցում էր Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով լոլիկ ներկրելը դադարեցնելու պահանջով՝ Կառավարության առջեւ անցկացված բողոքի ակցիային։ Նշենք, որ ցուցարարներին ընդունել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ խոստացել էր երկու օրվա ընթացքում բավարարել նրանց պահանջը:    

«Էսօրվա դրությամբ 100 տոկոսով կարգավորվել են ներկրվող լոլիկի մաքսազերծման գները: Մենք շատ խիստ կասկածում էինք, բայց մեր կասկածները փարատվեցին, ու մեր պահանջը կատարվեց: Մաքսատնից քիչ առաջ ինֆորմացիա ստացա, որ Թուրքիայից մի հատ «Ֆորդ» է մտել Հայաստան, ուզել է՝ ռաստամոժկան 100 000 դրամով անի, էստեղ 400 000-ով են ռաստամոժկա արել, էլ չի բերել ու էլ չի բերի, որովհետեւ արդեն ձեռք չի տա, իր վրա կնստի 900 դրամ, ինչը համարյա վաճառքի գինն է կազմում: Մենք չենք ասում՝ մի բերեք, ասում ենք՝ բերելուց պետականորեն ռաստամոժկա արեք, համ պետական բյուջեն լցվի, համ էլ տեղի արտադրողը կխրախուսվի»,- ասաց ջերմոցատերը:

Ռազմիկ Համբարչյանի խոսքով՝ առայժմ ջերմոցատերերը գոհ են գյուղնախարարության միջամտությունից, սակայն հետեւելու են, որ աղմուկը դադարելուց հետո եթե կրկին Թուրքիայից սկսեն մաքսանենգ ճանապարհով Հայաստան լոլիկ ներկրել, իրենք ոչ միայն բողոքի ակցիաներ կանեն, այլեւ կտրուկ միջոցների կդիմեն։

«Պոմիդորները կբերենք, կառավարության շենքի դռան դեմը կթափենք, կասենք՝ դե զխկտվեք, փողը չենք ուզում: Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, հո չե՞մ ասում՝  գազի գինն իջացրա, հո փող չե՞մ մուրում, դրա համար նույնիսկ ինքնահրկիզման ենք պատրաստ»,-ասաց ջերմոցատերը:

Նշենք, որ ջերմոցատերերը դժգոհում են, որ Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով ներկվող լոլիկը վաճառվում է ցածր գնով՝ հայրենական գյուղմթերքը դարձնելով ոչ մրցունակ։