Երեկ ավարտվել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը, սակայն ծրագիրը շարունակվելու է մինչև նոյեմբեր ամիսը, որի շրջանակներում նախատեսվում է մոտ 500 երիտասարդի այցը Հայաստան: Այս մասին հայտնել է Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, հավելելով, որ հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը։
Նախարարը ցավով է նշել, որ նախարարությունը հոգում է միայն Հայաստան ժամանած երիտասարդների կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգում են համայնքները, ինչը բարդացնում է հեռավոր համայնքներից երիտասարդների այցը։
Ֆինանսական աջակցություն չի ցուցաբերվում նաև այն ընտանիքներին, որտեղ հյուրընկալվում են երիտասարդները։ Այնուամենայնիվ, փոխնախարարի խոսքով, ընտանիքները գրկաբաց հյուրընկալում են երիտասարդներին։ Ծրագրի շրջանակներում ընտրվել են միջին սոցիալական ապահովության ընտանիքներ։ Ս. Պետրոսյանը հույս է հայտնել, որ ծրագիրը թույլ կտա երիտասարդներին ավելի լավ ծանոթանալ հայրենիքին և «Հայաստան» վիրուսով վարակված հեռանալ Հայաստանից։



















