Մոնրեալի հայերը պահպանել են պատմական հիշողությունը եւ սերնդեսերունդ փոխանցում են այն։ Այս մասին ասված է Կանադական ռադիոյի պատրաստած հաղորդման մեջ։
Նշենք, որ հաղորդման հեղինակը ծնունդով ալժիրցի լրագրող Աքլի Այթ Աբդալլահն է։ Նրա խոսքով՝ Մոնրեալում քիչ չեն Ցեղասպանություն վերապրած հայերի ժառանգները։ Նրանցից մեկը՝ Անժելը, Լիբանանից Կանադա տեղափոխված մի հայի դուստրն է։
Նրան չի հաջողվում ակնոցի մուգ ապակու տակ թաքցնել արցունքները. «Մոռանա՞լ։ Ինչպե՞ս նման բանը մոռանալ»։ Անժելը ծնվել է Լիբանանում, որտեղ նրա հայրը ապաստան էր գտել դեռ մանուկ հասակում՝ փախչելով հայրենի գյուղից։ Թե ինչի միջով է անցել հայրը, Անժելը լսել է դեռ մանկության տարիներին։
«Ամեն հայ ընտանիք Ցեղասպանության զոհ ուներ։ Մեր ամեն մի ընտանիքն իր պատմությունն ունի, իր թախիծը»,- պատմում է Սիլվիան, որը մեծացել է Աթենքում՝ ընտանիքից հեռու։ Սուրբ Հակոբ դպրոցի մուտքի մոտ փոքրիկ ցուցափեղկ է, որից այնկողմ հին բանալիներ են դրված։ Դրանք խորհրդանշում են տներն ու գույքը, որոնք հայերը ստիպված եղան թողնել, որպեսզի փրկեն իրենց կյանքը։
Դաստիարակչական հարցով դպրոցի ուսմասվար Մհեր Քարաքաշյանը նաեւ ղեկավարում է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովը։ Եվ դա պատահական չէ։ «Մեր մշակույթի եւ ինքնության պահպանումը հակաթույնն է նրա, ինչին ուղղված էր Ցեղասպանությունը՝ մեր ազգի բնաջնջմանը»,- ասում է նա։
Հիշատակը պահելն ու այն սերնդեսերունդ փոխանցելը։ Դրա համար դպրոցականները միշտ հանդիպում են տարիքով հայրենակիցների հետ, լսում նրանց պատմությունները եւ հավաքում դրանք։
«Այդ պատմությունները մեր կյանքի մասն են»,- ասում է 12-ամյա Թալինը, որն այդ պատմությունները կպատմի իր երեխաներին, երբ մեծանա։
«Մոռանա՞լ։ Երբե՛ք։ Ներե՞լ։ Չի՛ կարելի, քանի դեռ Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, չի ընդունել Ցեղասպանությունը,- հայտարարում է Գառնիկ Քույումջյանը՝ Մոնրեալի հայկական եկեղեցու վանահայրը,-Ամբողջ դար է անցել։ Ժամանակն է, որ արդարությունը հաղթանակի»,- հավելում է նա։































