Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պաշտոնում մնալու համար նախապայմաններ է ներկայացրել:
Արգենտինայի հեռուստաալիքներից մեկի եթերում Մարադոնան հայտարարել է, որ աշխատանքը կշարունակի, եթե իր հետ մնան բոլոր օգնականներն ու թիմ հրավիրվի Օսկար Ռուջերին, որը 1986-ին Մարադոնայի հետ դարձել է աշխարհի չեմպիոն:
Հարավային Աֆրիկայից վերադառնալուց հետո Մարադոնան առաջին անգամ խոսեց հավաքականում իր ապագայի մասին: Նա նաեւ նշել է, որ Գերմանիայի հետ 0:4 հաշվով ավարտված հանդիպման տեսագրությունը չի դիտել, չի էլ պատրաստվում: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է եւս 4 տարվա պայմանագիր կնքել Մարադոնայի հետ` վստահելով նրան 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության շրջափուլը:




























