ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-25-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Մարտակերտի շրջանում նա այցելել է Մադաղիսի, Սարսանգի, Թրղե-1 եւ կառուցվող Թրղե-2 հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Հաթերք գյուղի մոտ տեղակայված դաշտային շտաբ-ճամբարում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել ԿԱ  արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը եւ «ԱրցախՀԷԿ» ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:

Բակո Սահակյանը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություներից մեկը, եւ ընդգծել այդ ոլորտում կադրերի պատրաստման հիմնախնդրի նշանակությունը` որպես դրա առաջընթացի  ապահովման գրավական:

Նույն օրը նա այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը, որտեղ արժեքավոր նվերներ է հանձնել մի շարք սպաների եւ զինվորների:

Հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահն այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:

Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում նա հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողության ներքո:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ եւ Փոքր Ալ լճերի ավազանը եւ ծանոթացել այնտեղ նախատեսվող մի շարք ծրագրերի նախագծերին:

Այնուհետեւ Ծար գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո այցելել այնտեղ գտնվող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումյանի շրջանի զարգացումը հանրապետության համար ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է գյուղատնտեսության, հատկապես՝ անասնապահության զարգացումը, որի համար շրջանում առկա է հսկայական ներուժ:

Այցելությունների ժամանակ ԼՂՀ նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: