Երեւանյան հասարակական տրանսպորտի կանգառներում «տեղեկատվական վահանակներ» տեղադրելու նախաձեռնությունը, ցավոք, տխուր ճակատագրի արժանացավ:
Նախկինում NEWS.am-ը բազմիցս գրել է վահանակների տեղադրման մասին, որոնց նպատակն էր քաղաքացիներին տեղեկացնել երթուղու կոնկրետ հատվածում տրանսպորտի չվացուցակի մասին:
Քաղաքացիների մասին հոգատարության քաղաքակիրթ ճանապարհի ընտրությունը կարելի է միայն ողջունել, բայց պարզվում է, որ այստեղ նաեւ տարատեսակ հաշվարկների, խախտումների եւ աշխատանքի հանդեպ անփույթ վերաբերմունքի «ընդարձակ դաշտ» է ստեղծվում:
Սկսենք նրանից, որ վահանակներն իրականում ոչ թե տեղեկատվական, այլ ապատեղեկատվական բնույթ ունեին: Դրանց մեծ մասը տրանսպորտի երթուղիների մասին սխալ տվյալներ էին պարունակում: Այսինքն՝ նշված էին նրանք, որոնք այդ ուղղությամբ չեն աշխատում: Որոշ քաղաքացիներ նույնիսկ սկսել էին ուղղումներ մտցնել վահանակների վրա:
Հարցի շուրջ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրելու փորձերը գործնական արդյունքի չհանգեցրին: Վահանակները չուղղվեցին:
Եվս մի քիչ ժամանակ անցավ, եւ դրանցից գրեթե ոչինչ չմնաց: Արդյունքում, փաստորեն, ծրագրի իրականացման համար հատկացված միջոցներն ապարդյուն վատնվեցին:



Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի





























