NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, արդեն հանգուցյալ Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ ներկայացված հայցից: Մեր տեղեկություններով՝ «Բողոլ» մականվամբ Արսեն Չիչյանը դիմել է դատարան՝ պահանջելով Սերոբ Տեր-Պողոսյանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող գրասենյակը:
Արսեն Չիչյանը ժամանակին Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության պետն է եղել:
Հիշեցնենք, որ Արսեն Չիչյանը հանրությանը հայտնի է դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը եւ քրոջը: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվել, թե Արսենը հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է: «Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Բողոսյանից, եւ ինչպես է իրագործվելու այն:
Պարզվում է՝ հայցվորը գիտի, որ Ս. Դեր-Բողոսյանը մահացել է. «Է, հետո ինչ անենք, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել: Իսկ իրավահաջորդը նրա կինն է՝ Մադլեն Թաշչյանը»: Իսկ թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել, Չիչյանը հրաժարվեց ասել»:





























