ՌԴ Կրասնոդար քաղաքում մարտի 28-ին շենքի փլուզման հետեւանքով մահացած՝ Հայաստանի 3 քաղաքացիները Ջերմուկ քաղաքից էին, ընկերներ, արտագնա աշխատանքի էին մեկնել ընդամենը 1.5 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ջերմուկի քաղաքապետարանից:
Նրանց փոխանցմամբ՝ դժբախտ դեպքի պատճառը անվտանգության կանոնների խախտումն է:
«Հարազատները պատրաստվում են բողոք ներկայացնել, որ քննություն կատարվի եւ պարզվի իրականությունը, քանի որ շինարարական աշխատանքներ իրականացնող ռուսական ընկերությունը չի պահպանել անվտանգության կանոնները»,- ասացին քաղաքապետարանից:
Զոհված տղամարդիկ 50 անցն են, ամուսնացած, չափահաս երեխաներ ունեն:
Նշենք, որ մահացածների անուններն են Արամայիս Գրիգորյան, Մուշեղ Հակոբյան եւ Սլավիկ Հունանյան: Զոհված 4-րդ հայը Նոր Խարբերդ գյուղից էր, 55 տարեկան:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 28-ին ՌԴ Կրասնոդար քաղաքում: Շինարարություն անելիս վերամբարձ կռունկն ընկել է շենքի վրա, այն էլ փլուզվել է, ինչի հետեւանքով շինարարության վրա աշխատող 4 հայեր զոհվել են:




























