Երուսաղեմում ապրիլի 4-ին հրեա ուլտրաուղղափառի հետ միջադեպից հետո ձերբակալված հայ սեմինարիստն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Երուսաղեմի Ժառանգավորաց ճեմարանի տեսուչ Հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանը, որի սաներից է հայ սեմինարիստը:

«Մեր ուսանողները մոտ 30 հոգով Սուրբ Հարություն եկեղեցուց վերադառնալիս են եղել, երբ նրանց հանդիպել են 3 հրեաներ, որոնք հայհոյել են մեր երիտասարդներին եւ փորձել մոտենալ: Մեր ուսանողն էլ միայնակ մոտեցել է հրեաներին եւ հարցրել, թե ինչու են հայհոյում, ինչ է պատահել: Այդ պահին հրեաներից մեկը փորձել է հարվածել, բայց մեր տղան նախահարձակ է եղել եւ հարվածել է դեմքին: Այնուհետեւ միասին ոստիկանություն ենք գնացել, որտեղ արձանագրություն է կազմվել, մեր ուսանողին ազատ են արձակել»,- ասաց Հայր Թեոդորոսը՝ նշելով, որ հրեան միայն ոստիկանությունից հետո է դիմել բժիշկների օգնությանը:

Նրա խոսքով՝ Երուսաղեմում սովորական են դարձել նման միջադեպերը, հատկապես տոնական օրերին հրեաներն ագրեսիվ են դառնում քրիստոնյաների նկատմամբ:

Ավելի վաղ Երուսաղեմի հայ համայնքից NEWS.am-ին հայտնել էին, որ ապրիլի 4-ին Հին քաղաքում 17-ամյա հրեա կրոնական ուլտրաուղղափառը թքել է հայ սեմինարիստի վրա: Վիճաբանության արդյունքում ուղղափառը գլխի վնասվածքով տեղափոխվել է «Շաարեյ Ցեդեկ» բժշկական կենտրոն: Հայ սեմինարիստին ձերբակալել են ու հանձնել քննչական մարմիններին: