Հայաստանի կառավարությունը գնահատում է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների ունեցած նշանակալից ներդրումները: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած ՀՀ վարչապետի «Լավագույն կին-գործարար» 2015 մրցանակաբաշխության ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նշելով, որ առավել արդյունավետություն ապահոված կին գործարաների խրախուսումը նպաստում է կանանց գործարար ակտիվության բարձրացմանը:
«ՀՀ կառավարությունը ամեն կերպ աջակցում է մեր կին գործարարներին, որպեսզի նրանք այս ժամանակավոր դժվարություններից կարողանան դուրս գալ: Մենք գնահատում ենք նրանց ունեցած ավանդը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:
«Լավագույն կին գործատու» մրցանակի հաղթող սիրիահայ Ալին Մասրլյանը, որը 1998 թվականից ղեկավարում է «Հալեպ» խանութը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ոչ թե տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, այլ` հենց տնտեսական ճգնաժամ: Տիկին Մասրլյանը ցավով նշեց, որ «ՀՀ իշխանությունների կողմից անլուրջ վերաբերմունք կա գործարարների նկատմամբ:
«Գիտե՞ք, մի քիչ եթե մտածեն ժողովրդի մասին և ասեն` սա էլ թող ժողովրդին մնա, լավ կլինի»,- ասաց գործարար կինը` հավելելով, որ սկզբնական շրջանում Հայաստանում իր գործունեությունը հեշտ էր, քանի որ արևելյան քաղցրավենիք առաջարկող այլ ընկերություններ չկային:
«Լավագույն կին գործարար» անվանակարգի մրցանակակիր «Ֆաինա դիզայն» ՍՊԸ տնօրեն Ֆաինա Հարությունյանի կարծիքով` պետք չէ տարբերակել կին և տղամարդ գործարարներին, քանի որ երկու սեռի համար էլ այս ոլորտում կարևոր է լինել հաջողակ, աշխատասեր և խելացի.
«Մեզ` կանաց ավելի մեղ են վերաբերվում, օրինակ հարկային հարցերում: Կին գործարարն ավելի ճիշտ է բիզնեսը վարում, կարծում եմ, որ եթե կինը կարողանում է իր ընտանիքը ճիշտ կառավարել, ապա կարող է նաև քաղաքական լավ գործիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանում կնոջն ավելի մեծ հնարավորություններ տան»,-մեզ հետ զրույցում ասաց Ֆաինան:
Ասիական զարգացման բանկի կողմից խրախուսական մրցանակ ստացած Արմավիրի «Ինչուիկ» նախակրթարանի տնօրեն Նարինե Իսահակյանն էլ նշեց, որ տղամարդ գործարարի համար Հայաստանում հնարավորություններն ավելի ազատ են, քան կին գործարարի համար. «Կին գործարարը միշտ ձգտում է ազատ լինել, սակայն միշտ ինչ-որ դժվարությունների է հանդիպում: Տղամարդ գործարարն իր շփումներում ավելի ազատ է, քան կինը և հենց դրա պատճառով էլ կին գործարարի հնարավորությունները սահմանափակ են»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Իսահակյանը:
Նշենք, որ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թվականի մրցանակաբաշխության մրցանակները հանձնվեցին 10 լավագույն կին գործարաների, որոնք ընդգրկվել էին մրցանակաբաշխության 5 անվանակարգերում` «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար» և «Լավագույն սկսնակ կին գործարար»:
Միջազգային կազմակերպությունների կողմից մրցանակներ ստացան նաև մի շարք գործարար կանայք:
Հիշեցնենք, որ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից:






























