ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ ԼՂ-ի անկախության դիմաց հայկական կողմը պետք է ազատագրված տարածքներից մի քանիսը զիջի` այլ տարբերակ չկա:
«Եթե Արցախը պետք է լինի անկախ, ստեղծվի անվտանգության գոտի, ապա, այո՛, շրջանների տալն ինձ ձեռնտու է։ Այն շրջանները, որոնք ժամանակին եղել են Ադրբեջանի կազմում, այո՛, մենք դրանք չենք էլ վերցրել: Այն ժամանակ էլ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դրանք վերցնում ենք, ու պիտի մնան Հայաստանին»,- ասել է նա ու հավելել, որ «զիջման ենթակա» տարածքների մեջ Շուշին չի մտնում: «Չեմ կարծում, թե որոշված է՝ քանի շրջան պետք է տանք, որը ինչ կարգավիճակով կլինի, որ ոչ թե կտրվեն Ադրբեջանին, այլ կդառնան անվտանգության գոտի։ Չի բացառվում նաև խաղաղապահ ուժերի տեղակայումը»,- նշել է Լ. Ալեքսանյանը:
Այնուհետեւ, եւս մեկ անգամ շեշտելով, որ Արցախի անկախության և անվտանգության դիմաց հայկական կողմն ազատագրված տարածքներից մի քանիսը պետք է հանձնի, նա ընդգծել է, որ իր կարծիքով, չի գտնվի մի հայ, այդ թվում նաև ՀՀ նախագահը, որ ուզենա շատ շրջան զիջել:
«Սերժ Սարգսյանն այն մարդկանցից մեկն է, ովքեր ավելի շատ դոզայով ազգայնականություն ունեն։ Նա ավելի քիչ շրջաններ կուզի տալ, որովհետև ամբողջ այդ պատերազմի մասնակիցն է եղել, կոպիտ ասեմ՝ այդ պատերազմով է ինքը նաև այսօր իր իմիջը ձեռք բերել։ Սերժ Սարգսյանի և նույնը Ռոբերտ Քոչարյանի համար այսօր ինչ-որ բան հենց այնպես տալն ավելի ցավալի կլինի, քան թե այն մարդկանց համար, որոնք այսօր մեծ-մեծ խոսում են»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե սկսած 1993թ.-ի կեսերից, երբ հայկական զորքերն ունեցան հաջողություններ և սկսեցին ազատագրել Արցախն ու հարակից շրջանները, Սերժ Սարգսյանն ընդհանրապես Արցախում չէր, մեկնել էր Մոսկվա, որտեղից էլ վերադարձել է ոչ թե Արցախ, այլ Երեւան, հանրապետական պատգամավորն արձագանքել է. «Կարող է մի բանի գրավման ժամանակ մեկն ըստեղ չլինի, բայց դա չի նշանակում, որ նա չի մասնակցել։ Այդ ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը պատերազմին մասնակցել է։ Այդ պահին նաև կարող է մասնակցած չլինի, ես չգիտեմ»։



















