Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ 2015 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր կատարողականը գերակատարվել է՝ կազմելով 103 տոկոս: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ հետագա ամիսներին եւս բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով:
Ապօրինաշինության եւ հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 19 դեպք: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Քաղաքացիների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 92 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարեւորելով հանրային իրազեկման աշխատանքները, պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 10 դեպք է արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է խստացնել եւ հատկապես ոչ աշխատանքային օրերին Երեւան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր կազմակերպել՝ նման դեպքերը վերացնելու նպատակով:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում վերանորոգվել է 7 կանգառասրահ: Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բոլոր կանգառագոտիներում եւ մասնավորապես կանգառասրահներում առկա թերությունները եւ սեղմ ժամկետում վերցանել դրանք:
Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 29-ին պարի եւ ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առիթով մայրաքաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական միջոցառումներ:




























