ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում ապրիլի 7-ին հակառակորդի արձակած գնդակից զոհված Լեւոն Միրզոյանը Մարտակերտ քաղաքից էր, 8 ամսվա զինծառայող: Այս մասին NEWS.am-ին ասաց Մարտակերտի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը:

Նա պատմեց, որ Լեւոնը տան միջնեկ երեխան էր, քույր եւ եղբայր ունի:

«Հայրը մեր հին զինվորականներից է, վերջերս էր թոշակի անցնել: Կոչումով կապիտան էր»,- ասաց Սասուն Հարությունյանը:

Զոհված զինծառայողի մարմինն արդեն տեղափոխել են Մարտակերտ: Ապրիլի 9-ին տեղի կունենա նրա հուղարկավորությունը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Լեւոն Մուշեղի Միրզոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: