Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը եւ առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան փողոցներով:
Սարերից իջնող անձրեւաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը: Ջրաբեկորները, լցվելով սելավատարերը, փակել են ջրի հունը, ինչի հետեւանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը:
Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ` վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար:
Շահումյան գյուղ է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, Վանաձորի թիվ 24 դպրոց` մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը:
Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու Ջրմուղ կոյուղի ՓԲԸ-ի, Հայռուսգազարդ ՓԲԸ-ի եւ Դեբեդ մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան:
Կատարվել են սելավատարերն ու փողոցները ջրաբեկորներից մաքրելու, բնակելի տներից ջրահեռացման աշխատանքներ: Ժամը 22.30-ին սահմաններում աշխատանքները հիմնականում ավարտվել են, բնակչությանը սպառնացող վտանգը` վերացվել:
Զոհեր եւ վիրավորներ չկան:
Գուգարք եւ Շահումյան գյուղերի սելավատարերի ու ճանապարհների մաքրման աշխատանքները կշարունակվեն հունիսի 29-ին:
Նույն օրը, ժամը 16.00-ից 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում տեղացած կարկուտը վնասել է մարզի Աղբերք գյուղի բնակիչների տների տանիքների թիթեղները, ցանքատարածքներն ու հոսանքալարերը, ինչպես նաեւ Շորժա գյուղի տների տանիքները, ցանքատարածքները եւ պտղատու այգիները:
Էլեկտրական ցանցի աշխատակիցների կողմից կատարվում են վերականգնողական աշխատանքեր:
Ստեղծվել են հանձնաժողովներ` վնասի չափերը պարզելու համար:
Տեղադրություն



















