Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Սելինա Օզուզուն Դողանը հայտարարել է, թե չի կարող ներել Էրդողանին՝ «Կներեք ինձ նույնիսկ հայ են ասել» խոսքերի համար։

Թուրքական ÇağdaşSes-ի հետ զրույցում պատմել է, որ պատգամավորի թեկնածուի առաջարկը եղել է ստամբուլահայ համայնքին։ «Ցանկանում էին որ կին լինի եւ երիտասարդ։ Մեծ բաց կար եւ այդ առիթը չօգտագործելը սխալ կլիներ։ Որոշեցի պատասխանատվություն վերցնել ինձ վրա։ Հանդիպեցինք Ստամբուլում եւ համատեղ մի մտքի եկանք»,-ասել է Սելինան։

Սելինան նշում է, որ իրեն սոցիալ- դեմոկրատ եւ ֆեմինիստ է համարում՝ շեշտելով, որ պատգամավորի համար կարեւոր է խիղճ ունենալ, իսկ հայերի մեջից կին պատգամավոր ունենալը շատ կարեւոր է։

«Այսօր «մշակույթային ցեղասպանություն» կչվող արտահայտություն է կիրառվում։ Սակայն այսօր այնքան շատ հրատապ հարցեր կան։ Ցեղասպանության հետեւից չգնալով էլ, բավականին շատ հարցեր կան։  Հայերը մեծ պատրիարքարան ունեն, սակայն այն ինքնավարություն չունի»,-ասել է հայ թեկնածուն՝ անդրադառնալով նաեւ հայ-թուրքական փակ սահմանին։

«Բոլոր սահմանները պետք է բացվեն։ Դե փաստացի սահմաններ չկան։ Հայաստանցիները գալիս են Թուրքիա առեւտուր են անում։  Սակայն այս պահին առանց հետաքրքրությունների ոլորտի մասին տեղյակ լինելու պետք չէ դեռ խոսել, դեռ պատգամավոր չեմ»,-շեշտել է Սելինան։

Խոսելով Էրդողանի կողմից «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությանը, Սելինան նշել է, որ ինքը չի ներում Էրդողանի այդ խոսքերը։

Նշենք, որ CHP-ն Սելինա Օզուզուն Դողանին պատգամավորի թեկնածու է առաջադրել Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից՝ նրան տալով առաջին հորիզոնականը, այսինքն՝ հայ թեկնածուն անցողիկ տեղում է գտնվում։

Հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին: