«Հայկական վերածնունդ» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում հաստատված բռնապետությունը ապրիլի 7-ին իր բնույթին հատուկ գործողություններով հերթական անօրինությունն է իրականացրել։ Խուզարկվել են Հիմնադիր խորհրդարանի, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման, Սարդարապատ շարժման գրասենյակները, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանի, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի, ՀԽ անդամ Պավել Մանուկյանի, ՀԽ անդամ Կարո Եղնուկյանի, շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի, Գյումրու գրասենյակի պատասխանատու, ՀԽ անդամ Արամ Հակոբյանի, Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանի բնակարանները, բերման ենթարկել վերջիններիս, ինչպես նաեւ Լիբանանի Հայկական վերածննդի ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը)։ 3 ժամ քննչական կոմիտեում պահելուց հետո որոշում է կայացվել ձերբակալել Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Արամ Հակոբյանին:
Հայկական վերածնունդ շարժման բոլոր մասնաճյուղերը միասնաբար դատապարտում են կատարված հանցագործությունը։ Շարժումը կատարվածը որակում է որպես պատերազմի հայ ժողովրդի դեմ եւ հայտարարում է, որ մարտահրավերն իր կողմից ընդունվում է:
Բռնապետ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նվիրյալ հայրոդիներին: Մեր պահանջների չկատարման յուրաքանչյուր ժամի համար ռեժիմը պատասխան է տալու եւ՛ մեր ժողովրդի, եւ՛ առաջադեմ մարդկության առջեւ:
Հայկական վերածնունդը դիմում է հայ ժողովրդի բոլոր ազնիվ զավակներին եւ կոչ անում`
1. դադարեցնել ռեժիմի բոլոր կառույցներին որեւէ դրամական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ կարգի օգնություն տրամադրել:
2. կատարված հանցագործության ու դրա հետեւանքների մասին անհապաղ դիմումներ հղել Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական պառլամենտին, մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններին, իրենց բնակության երկրներում գործող դրանց մասնաճյուղերին, այդ երկրների պառլամենտներին, քաղաքական կուսակցություններին եւ հատկապես կովկասյան երկրներով զբաղվող դիվանագիտական եւ քաղաքական հաստատություններին:
3. կոչ անել միջազգային ֆինանսական եւ տնտեսական հաստատություններին, բանկերին ու կովկասյան երկրներով զբաղվող հիմնադրամներին անմիջապես դադարեցնել հայ ժողովրդին թշվառության եզրին հասցրած ՀՀ ներկա իշխանություններին որեւէ աջակցություն ցուցաբերել, որը հայ ժողովրդի մի ստվար հատվածի կողմից դիտվում է որպես ռեժիմի գոյությունը ապահովաղ միջազգային աջակցություն:
Հայկական վերածնունդը պատրաստ է հետեւողականորեն պայքարել բանտում ապօրինաբար հայտնված բոլոր քաղբանտարկյալների ազատության համար եւ համոզված հայտարարում է, որ ՀՀ գործող ռեժիմը հայ ժողովրդի դեմ հայտարարած պատերազմում շատ կարճ ժամանակում կենթարկվի անվերապահ կապիտուլացիայի:





























