Մենք հիմա գազի դիմաց մուծում ենք այնքան, որքան տեսուչը որոշում է, եւ ստացվում է՝ իրական վառածից 50 տոկոսով ավելին ենք մուծում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում գազի հանձնաժողովի պատրաստած զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ինքը գազի հանձնաժողովի անդամ է դարձել, որպեսզի ապացուցի, որ գազի սակագնի էժանացման հնարավորություններ կան. «Ու իմ համեստ հաշվարկներով պարզել եմ, որ հնարավոր է երեսուն դոլար իջեցնել, իսկ գոտիները ձգելու դեպքում՝ անգամ հիսուն դոլար»:
Արամ Մանուկյանը նշել է, որ գազի հանձնաժողովի հաշվետվության ընդունման առումով քվեարկություն չի եղել ու չէր էլ կարող լինել, քանի որ ընդդիմադիր ուժերը այս զեկույցին կողմ չեն եղել:
«Ոչ մեկս եզր չունենք այն հաշվետվության հետ, որ ներկայացվել է ԱԺ այսօրվա քննարկմանը: Սա այն ակնկալիքը չէր, որ սպասում էի: Ես վստահ եմ՝ ծախսերն անարդյունավետ են, ու սակագինն էժանացնելու տեղ կա, որը չեղավ»,-ընդգծել է նա:





























