«Ռեսպուբլիկա Բաշկորտոստան» պարբերականի թղթակից Էլզա Բայմուհամեդովան, որը մասնակցել է Հայաստանում անցկացված «Արարատի ստորոտին» մեդիա-ֆորումին, այցելել է Արցախի Հանրապետություն եւ տպավորությունները ներկայացրել ընթերցողներին: Ներկայացնում ենք նրա հոդվածը՝ զգալի կրճատումներով:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով տնտեսական իրավիճակի մասին «Ռեսպուբլիկա Բաշկորտոստան» թերթի թղթակցի հարցին, զարմացրեց լրագրողներին. միջին տարեկան տնտեսական աճը 10% է: Դժվար է ասել, նախկին Խորհրդային միության հանրապետություններից որը կարող է նման թիվ ներկայացնել. «Մեր հաջողությունները նաեւ հայկական սփյուռքի աշխատանքի արդյունք են: Բոլոր հայերն Արցախի Հանրապետությունը սրբավայր են համարում, ինչպես Երուսաղեմը, եւ բոլոր ուժերով ջանում են օգնել մեզ,- ընդգծեց չճանաչված հանրապետության նախագահը եւ հավելեց,- միայն Ռուսաստանում 2 մլն հայ է ապրում, որոնց մի մասը ծնունդով Ղարաբաղից է»:

Նախագահի խոսքով, հանրապետությունը մինչ օրս վերականգնում է պատերազմից հետո կործանված ենթակառուցվածքները: Ստեփանակերտում, որը 1991-1994 թվականներին մեծապես տուժել է ռմբակոծությունների հետեւանքով, ավերածությունների հետքեր չտեսանք, ի տարբերություն նույնպես չճանաչված Աբխազիայի, որտեղ մինչեւ հիմա պահպանվում են պատերազմի հետքերը:

Արցախի մայրաքաղաքը եվրոպական ձեւով խնամված քաղաք է՝ կյանքի հանգիստ ռիթմով, շատրվաններով եւ քանդակներով, հարմարավետ բակերով: Երեկոյան կենտրոնական հրապարակը վերածվում է հետիոտնի գոտու: Մարդիկ զբոսնում են այստեղ, բազմաթիվ երիտասարդներ կան: Քաղաքում ամենուր ինչ-որ բան են կառուցում եւ, չնայած ցուրտ գարնանը, արդեն ծաղիկներ են տնկել:

Զարմացրեց այն, որ նախագահ Բակո Սահակյանը, լրագրողների հետ խոսելով հանրապետության զարգացման մասին, շեշտադրեց ոչ թե արդյունաբերական ինչ-որ ուղղություններ, այլ կրթությունը: Նրա կարծիքով, հենց կրթական ոլորտը կարող է աճ ապահովել մյուս բնագավառներում: Այդ պատճառով կրթության ոլորտին հատկացվում է բյուջեի ծախսերի 15%-ը: Պարզվում է՝ Լեռնային Ղարաբաղի 150 հազար բնակչության պարագայում այստեղ մեկ պետական եւ հինգ մասնավոր բուհ կա:

Ինչի՞ց է կազմվում չճանաչված հանրապետության բյուջեն: Կեսը ստացվում է սեփական եկամուտներից,մյուս կեսը՝ Հայաստանի միջպետական վարկերի շնորհիվ:

Սակայն մարդկանց հետ զրույցներից տպավորություն ստեղծվեց, որ Ղարաբաղում աշխատավարձերն ու կենսաթոշակները նույնիսկ փոքր-ինչ ավելի են, քան հենց Հայաստանում: Թվում է՝ ինչի՞ հաշվին: Չէ՞ որ խոշոր ձեռնարկություններ այստեղ չկան, իսկ նրանք, որոնք նույնիսկ շատ բարձրորակ արտադրանք են տալիս, դժվարությամբ են այն մեծ շուկաներ հասցնում. խանգարում է տրանսպորտային շրջափակումը:

Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապում է դեպի Հայաստան միակ ճանապարհը: Բայց, ինչպես մեզ պատմեցին, Համահայկական հիմնադրամի միջոցներով Հայաստանից երկրորդ ճանապարհն է կառուցվում:

Ստեփանակերտի օդանավակայանը վերականգնվել է, բայց չի գործում. ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դրան եւ ժամանակ առ ժամանակ նույնիսկ սպառնում է կործանել ինքնաթիռները:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Արցախը գրեթե ամբողջությամբ ազատվել է կոռուպցիայից:

Նոր խորհրդարանը կընտրեն մայիսին: Մանդատների համար պատրաստվում է 7 կուսակցություն պայքարել: Նախագահի խոսքով, վերջին շրջանում բազմաթիվ անկախ պետություններ են ձեւավորվել, եւ միջազգային հանրությունը չի կարող երկար անտեսել Արցախի անկախությունը, որն իրականում շատ բան է արել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: ԼՂՀ նախագահի համոզմամբ, դա բավարար հիմնավորում է երկիրը ճանաչելու համար:

Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի աշխատասենյակում երեք դիմանկար կա. կենտրոնում՝ ԼՂՀ նախագահի, երկու կողմից՝ Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի:

Նախարարը՝ նախկին «աֆղանցի», ավարտել է ռուսական գլխավոր շտաբի Ակադեմիան եւ Հարվարդի դասընթացները: «Արցախյան բանակում ծառայում են հայեր ամբողջ աշխարհից: Նրանց թիվը քիչ է, սակայն մեզ համար առաջին հերթին կարեւոր է աջակցությունը: Զինծառայողների հիմնական մասն արցախցիներ են, իսկ հետո՝ Հայաստանի քաղաքացիներ»,- ասաց նա: Կանայք, ըստ նախարարի, այդքան էլ շատ չեն, բայց «ավելին են, քան ես կցանկանայի»:

«Արցախի բանակն Արցախի ժողովուրդն է: Եթե հարկ լինի, ցանկացած մարդ ոտքի կելնի հանուն Արցախի՝ անկախ տարիքից»,- պարզաբանեց Մովսես Հակոբյանը:

Թե ինչքան է ծախսվում բանակը պահելու համար՝ նա դիվանագիտորեն չնշեց. «Ավելորդ սպառազինությունների կարիք չկա, իսկ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված ենք,- ասաց նախարարը,- մեր պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է»:

Նա նաեւ ընդգծեց. բանակը ստեղծվել է միայն խաղաղ բնակիչների դեմ ագրեսիային դիմակայելու համար, այն երբեք առաջինը գործողության չի դիմում, միայն «ստիպված է լինում պատասխանել սադրանքներին»:

Մինչ այդ, Ադրբեջանի հետ սահմանին բախումներ տեղի են ունենում գրեթե ամեն օր: Նախարարի խոսքով, այս տարի 10 զինծառայող զոհվել է, 17-ը՝ վիրավորվել: