Բուլղարների, սերբերի եւ հույների հետ հայերի համար ավելի դյուրին կլինի դիմակայել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս մասին ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օտարերկրյա խորհրդարաններին ուղղված կոչ պարունակող հայտարարության նախագծի առիթով ելույթի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ցավալի է, բայց պետք է իրատես լինել. Թուրքիային հաջողվել է այնպես անել, որ Օսմանյան կայսրությունից տուժած երկրներն արդարության համար պայքարում հանդես չգան միասնական ճակատով: «Իսկ մենք առանձին-առանձին, խոստովանենք, զգալի արդյունքների չենք հասել»,- «Ժառանգության» պատգամավորը:
Նա նաեւ հավելեց, որ ինքն այդ հարցը բարձրացրել է նաեւ 1995 թվականին պատգամավոր եղած ժամանակ, հույն գործընկերների հետ հանդիպումներում:
Դրա համար խոչընդոտներ չկան, հատկապես խորհրդարանականների համար, որոնք մանեւրելու ազատություն ավելի շատ ունեն, քան կառավարությունը: «Մենք կարող ենք հնարավորություններ ստեղծել, որոնք հետո կարող են օգտակար դառնալ գործադիր իշխանության համար»,- հայտարարեց Հակոբյանը:
Այդ պատճառով հարկավոր է միասնական համակարգող մարմին ստեղծել այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Կիպրոսը, Հունաստանը, Բուլղարիան, Սերբիան, որոնք նույնպես իրենց վրա զգացել են թուրքերի քաղաքականությունը:
«Միասին հանդես գալու դեպքում ավելի նշանակալի արդյունքների կհասնենք»,- ամփոփեց Հակոբյանը:




























