Հայաստանում գազի բաժանորդներին պետք է տարանջատել ըստ սոցիալական խմբերի: Այս մասին ապրիլի 9-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գազի գնագոյացման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյաը:

Նա նաեւ հավելեց, որ նման առաջարկությունից հետո որոշ ընդդիմադիր հայտարարություններն այն մասին, որ իշխող կուսակցության պատգամավորները վախեցան քննադատել «Գազպրոմ Արմենիա»-ին, պարզապես պարապ խոսքեր են:

Այվազյանն ընդգծեց, որ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից մրցույթների կազմակերպման հարցը, այդ թվում՝ մրցույթների մասնակիցների հետ նրա փոխկապակցվածությունը, ինչպես նաեւ սակագնի ձեւավորման մեթոդիկան եւ համակարգում նորմատիվ կորուստների սահմանումը:

«Մեր առաջարկներում հայտարարել ենք, որ նյութական նոր ծախսերը, այդ թվում՝ վերանորոգումը, սակագնում ներառելն անհնար է: Իսկ համակարգում գազի տեխնիկական կորուստների առումով հարկավոր է ավելի հստակ հիմնավորում ներկայացնել: Եվ դրանից հետո դուք ասում եք, որ մենք վախենում կամ հարմարվում էինք»,- հայտարարեց Այվազյանը: