Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալի պաշտպանը ալիբի է ներկայացրել, գրում է «Կոմերսանտ»-ը։
Հետաքննության վարկածի համաձայն՝ Համզաթ Բախաեւը սպանություն կատարողներին Մերձմոսկովյան շրջանում տարածք է տրամադրել, որտեղ եւ հանցագործները 2 օր թաքնվել են։ Սակայն պաշտպանող կողմը պնդում է, որ Բախաեւն այդ ընթացքում ինչ-որ կնոջ հետ է եղել մոսկովյան բնակարանում։
«Նեմցովի սպանության պահին Համզաթ Բախաեւը մետրոյում դիմավորել է իր ընկերուհուն, որից հետո նրանք ուղեւորվել են մոտակայքում գտնվող բնակարանը։ Այնտեղ զույգն անց է կացրել հաջորդ 2 օրը՝ տանից դուրս գալով միայն գնումներ կատարելու եւ աղբը թափելու համար»,- մեջբերում է թերթը Բախաեւի փաստաբանի խոսքը։
Փաստաբանը նշել է, որ ինքը հարցաքննել է աղջկան, որը հաստատել է Բախաեւի ալիբին։
Ավելի վաղ Նեմցովի սպանության անմիջական կասկածյալ Զաուր Դադաեւը նույպես հայտարարել էր, որ ալիբի ունի։





























