ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զավեշտալի իրավիճակում է հայտնվել Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին շնորհվել էր Բրիտանական կայսրության Գերազանցության կարգի ասպետի կոչում։ Ինչպես գրում է Fox News-ը, նա ռետինե ծծակը վերցրել էր Բլումբերգի 15-ամսական թոռից։
Պարգեւատրման արարողությանը նախկին քաղաքապետը ժամանել էր դստեր՝ Ջորջինա Բլումբերգի եւ թոռան՝ Ջասպերի հետ։ Արարողության ընթացքում Բայդենը որոշել էր դայակություն անել Բլումբերգի թոռանը՝ նրան գիրկը վերցնելով։ Ինչ-որ պահի փոխնախագահը երեխայից վերցրել է ծծակը, իսկ Ջորջինան նկարահանել էր եւ լուսանկարը տեղադրել Facebook-ի իր էջում, փոխանցում է Lenta-ն։





























