Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 5 անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին եւ Գարեգին Չուգասզյանին երեկ՝ ապրիլի 9-ին, դատարանը կալանավորեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբանը՝ Գեւորգ Դավթյանը:
Նա նշեց, որ մինչեւ վաղ առավոտյան 05.00-ը իրենք նիստի էին, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանական կողմը որպես այլընտրանքային խափանման միջոց է առաջարկել գրավը, որը 5-ի դեպքում մերժվել է: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կդիմեն Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, թե ոչ: Փաստաբանն ասաց, որ քանի որ աշխատանքը ավարտել են շատ ուշ, ուստի՝ դեռ չեն քննարկել իրենց պաշտպանյալների հետ բողոքարկման հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են։
Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»





























