Առաջիկա մեկ-երկու օրերին «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շտաբի մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Փոխվել է արդյոք նախկին ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնության անունը, երբ կկայանա հիմնադիր համագումարը, Վարդան Քոչարյանը նշեց, որ իրենք դիմել են Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: «Եվ անվան, եւ անցկացվելիք օրվա մասին կտեղեկանաք առաջիկա օրերին, մենք դեռ Կառավարությունից պատասխան չենք ստացել»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Մեր տեղեկություններով, սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու: Շտաբի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը մեր հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ նշելով միայն, որ առաջիկա օրերին նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ»,– գրում է թերթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ուրիխանյանը ցանկանում էր «Քաղաքացիական շտաբի» համագումարը անցկացնել Մարզահամերգային համալիրում, սակայն նրանց հայտնել էին, որ մայիսի 24-ից շուտ դահլիճ չեն կարող տրամադրել:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: