«Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանքով իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե շարժումը երկրի անվտանգության համար վտանգ է ներկայացնում։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նման տպավորություն կարող է առաջանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում։ «Ես հասկանում եմ, որ ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու համաշխարհային առաջնորդներ։ Իսկ արձանագրությունը նախատեսում է, որ նրանց այցից 1-2 շաբաթ առաջ նրանց ներկայացուցիչները ժամանում են անվտանգության մակարդակը ուսումնասիրելու համար։ Սակայն ես որքան էլ որ ուսումնասիրեցի «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունները, նրանցում պետության անվտանգության ոչ մի սպառնալիք չգտա»,- ասել է Հակոբյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ մի շարք պետություններ իհարկե առիթ կունենային հայտարարել, թե ապրիլի 24-ը Հայաստանում ոչ միայն համազգային ողբերգության հիշատակն են հարգում, այլեւ հեղափոխություն են պատրաստում։
«Թեեւ «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարություններում այդ մասին չի ասվում, սակայն այդ հանգամանքը չի արդարացնում ապրիլի 24-ին նրա ակտիվիստների մտադրությունը։ Ոչ ոք չի ասում, թե իշխանափոխության կարիք չկա, բայց այդ օրը Հայաստանում մարդիկ փողոց են դուրս գալիս բոլորովին այլ բանի համար։ Իսկ բողոքի համար կան տարվա մյուս օրերը»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























