Կասկածում եմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի ցեղասպանություն բառը։ Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է  Քալիֆորնիայի Նորթրիջի համալսարանի հայագիտության ծրագրերի ղեկավար Վահրամ Շեմմասյանը՝ հավելելով, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Օբամայի մոտ քաղաքական հաշվարկներ են ի հայտ եկել։

Նա միաժամանակ հիշեցրել է, որ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ «Նահանգները ներքին անկախություն ունեն եւ այդ տեսակետից նրանք չեն կարող մեծ ազդեցություն ունենալ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։ Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ կանի ԱՄՆ դաշնային կառավարությունն ու Բարաք Օբաման, 43 նահանգ արդեն ճանաչել է Ցեղասպանությունը, եւ դա մեծ բան է»,- նշել է Շեմմասյանը։