Թուրքիան, ուզի, թե չուզի, մի օր ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը; Այս մասին ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քալիֆորնիայի Նորթրիջի համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Պապի պատարագին՝ պրոֆեսորը նշել է, որ Վատիկանի որոշումը մեծ նշանակություն կունենա։ «Իհարկե, Հռոմի Պապը  հոգեւոր առաջնորդ է, սակայն նրա ամեն խոսքը եւ հայտարարությունը քաղաքական  նշանակություն ունի։ Ամբողջ աշխարհում դա նշանակություն ունի ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ քաղաքական իմաստով»,- նշել է Շեմմասյանը։

Նրա խոսքով՝ դա մեծ աղմուկ կհանի եւ ապտակ կլինի Թուրքիային։ «Ինչպես մենք գիտենք, Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Թուրքիան նշելու է Գալիպոլիի ճակատամարտի օրը։ Դա իրականում ծիծաղելի է։ Այդ առումով թուրքական հանրության մեջ բեկում է նկատվում։ Համաձայն վերջին հարցումների՝ թուրքերի 9 տոկոսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Դա քիչ է, սակայն 15 տարի առաջ անգամ դա չկար»,- եզրափակել է Վահրամ Շեմմասյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցի։