Իսրայելական հեղինակավոր «Հաարեց» պարբերականում, որը երկրի ամենահին օրաթերթն է, լույս է տեսել իսրայելցի հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակվողական զենքի վաճառքին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշմանը: Ներկայացնում ենք հոդվածը որոշակի կրճատումներով:

ԴԱՎԻԹԸ ԵՎ ԳՈՂԻԱԹԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել: Վերջին այցն այնտեղ հարցեր առաջացրեց` Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ հրեական պետության եւ այլ ուժերի կողմից 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական ժխտման առնչությամբ

Այն պահից, ինչ ես իմացա, որ մեկնելու եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իմ ականջներում հնչում էին մի երգի խոսքերը, որը լսել էի երիտասարդ տարիներին եւ որը պահպանվել էր հիշողությանս մեջ, թեեւ շատ տարիներ էին անցել այն օրվանից, երբ ես առաջին անգամ լսել էի այն: Դա «Հրաբխի գագաթին» երգն էր` գրված Դան Ալմագորի եւ Դեննի Լիտանիի կողմից 1972թ.: Նաեւ շատ լավ էի հիշում Չավա Ալբերշտայնի թարգմանությունը: Նույնիսկ 40 տարի անց երգն ինձ հանգիստ չի տալիս: Այն վերագտնելուց հետո, ես անդադար լսում էի այն` երգելով բառերը. «Ինչո՞ւ նրանք չեն թռչում այնտեղից եւ ավելի ապահով տեղ փնտրում, որտեղ վերջապես մեկընդմիշտ կկարողանան խաղաղ ապրել... »:

Ինձ թվում էր, որ մեկնում եմ վտանգավոր, տխուր, միգուցե թշվառ, հույսը կորցրած մի վայր, վայր, որտեղ մարդկանց կրկին հալածում էին հայ լինելու համար:

Այսօր, վեց արտակարգ օր անցկացնելով Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ` գիտեմ այն հարցի պատասխանը, թե ինչու նրանք չեն փախչում Հարավային Կովկասի այս փոքրիկ հանրապետությունից: Սա աննկարագրելի գեղեցիկ վայր է, որի մասին առասպելները պատմում են, որ այստեղ է գտնվում դրախտի մուտքը:

350 կիլոմետր է բաժանում Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից` հարթավայրը հատող ճանապարհի հակառակ կողմերում, որի մեծ մասն անցնում է խորը կիրճերով ընդհատվող հիասքանչ լեռներով: Լեռները հիմնականում ձյունածածկ են, ձյուն, որ կախված էր մեր գլխների վրա մինչեւ մենք կժամանեինք Ստեփանակերտ:

Սա մի փոքր, բայց շատ քեղեցիկ քաղաք է` զարմանալիորեն մաքուր եւ հոյակերտ: Ստեփանակերտում է գտնվում ընտրված խորհրդարանը, ընտրված նախագահը, կառավարությունը:

Այնուամենայնիվ, աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը չի կարող ճանաչել այն, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանը կլքի բանակցային գործընթացը, որը միջնորդների օգնությամբ ինչ-ինչ կապեր պահպանելու հնարավորություն է ընձեռում:

Ընդհանուր առմամբ, բնակչության թիվը կազմում է 140 հազար, որոնց 98 տոկոսը էթնիկ հայեր են: (Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում:) Հրադադարը վերջ դրեց 1988թ.սկսված արյունալի պատերազմին: Այդ ժամանակվա ռազմական դիտորդների ու փորձագետների գնահատմամբ, հայկական Ղարաբաղը չէր կարող երկար գոյատեւել: Նրանց գնահատմամբ այն կվերանար հաշված օրերի ընթացքում, իսկ տարածաշրջանը կվերանվաճվեր ադրբեջանական բանակի կողմից, որն ավելի լավ էր սպառազինված եւ ավելի զարգացած էր, քան Հայաստանինը:

Ադրբեջանում, որն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական պետություն (թեեւ վերջերս նրանում էլ ի հայտ են եկել ծայրահեղական իսլամիստական դրսեւորումներ), բնակվում է շուրջ 9 միլիոն մարդ: Երկու հակամարտող պետություների միջեւ սահմանը 370 կմ է: Նրա երկայնքով՝ Ղարաբաղի կողմից, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, խրամատներ կան:

Ես ներկայումս դասավանդում եմ Երեւանում` Հայաստանի ամերիկյան համալսարանում, եւ դրանից մեծ բավականություն ստանում: Այստեղ գտնվելու առաջին իսկ օրվանից ես ինձ տանն եմ զգում: Կասկածից վեր է, որ ես սուբյեկտիվ են, միգուցե նաեւ պարտիզան: Իմ շարունակական պայքարը հանուն նրա, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իմ եւ հայ ժողովրդի միջեւ մտերմության ամուր կապեր է ձեւավորել:

Որոշեցի մի քանի օրով մեկնել Ղարաբաղ: Ես «պաշտոնական հյուր» եմ, եթե կարելի է այդպես արտահայտվել մի պետության պարագայում, որ չունի պաշտոնական հյուրեր: Նույնիսկ երբ այլ պետություններից բարձրաստիճան այցելուներ են ժամանում, նրանք ջանում են շեշտել, որ իրենց այցը մասնավոր բնույթ է կրում, որպեսզի չառաջացնեն հարեւան Ադրբեջանի զայրույթը: Ինձ ընդունեցին նախագահ Բակո Սահակյանը եւ խորհրդարանի խոսնակը, ես այցելեցի սահմանային գոտի` մի քանի ժամ անցկացնելով հայկական խրամատում, որտեղ ազատորեն կարողացա զրուցել զինվորների հետ:

Խրամատի մուտքին գրված էր «Եթե կորցնենք Արցախը [Լեռնային Ղարաբաղի հայերեն անվանումը], կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այս կարծիքին է հայերի մեծամասնությունը, որոնց հետ ես զրուցել եմ:

Այսօր շարունակվում է «ձգձգված պատերազմը» կամ «փափուկ պատերազմը», որն ամեն պահի կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության: 21 տարի առաջ կնքված զինադադարից ի վեր սա ամենալարված եւ ամենաբարդ ժամանակաշրջանն է: Միայն հունվարին սպանվել է 12 հայ զինվոր: Նույնիսկ գյուղացիներին, ովքեր հող են մշակում սահամանմերձ գոտիներում, ավելի հաճախ են սկսել սպանել: Իմ այցելած ռազմական դիրքերում 13 զինվորներ են ծառայում. ադրբեջանական բանակը նրանցից 200 մետր հեռավորության վրա է:

Այն դիրքերում, որոնք ես այցելեցի, շուրջօրյա ծառայում է 13 զինվոր, ովքեր փոխվում են ամեն չորս ժամը: Գիշերները 3 զինվոր միասին պահակախումբ են կազմում: Հայկական հենակետը մաքուր է, կարգավորված եւ ջեռուցվող, երբ դրսի ջերմաստիճանը զրոյից ցածր է:

Հայկական զինվորներին արգելված է կրակել առանց հստակ հրամանի: Մինչդեռ ադրբեջանցիներն արդեն կամայականորեն կրակում են, ուստի դիրքի խրամատներում արգելված է քայլել ուղիղ կանգնած: Նեղ ճեղքվածքներից կարելի է անզեն աչքով եւ հեռադիտակով տեսնել հակառակորդին:Ազերի դիպուկահարները երբեմն կրակում են, երբ նկատում են հեռադիտակով հայ զինվորի: Մեծ զգուշավորությամբ եւ վերահսկողությամբ ինձ թույլ տվեցին մի քանի վայրկյան դիտարկել ադրբեջանական կողմը:

Հայերին արգելված է Ղարաբաղում ինքնաթիռներ օգտագործել, միայն ուղղաթիռներ: Մի քանի շաբաթ առաջ ոչնչացվեց հայկական ուսումնական մի ուղղաթիռ, որը թռիչք էր կատարում երկու կողմերին բաժանող 250-մետրանոց տարածքի երկայնքով: Ազերիները երկու շաբաթ թույլ չէին տալիս հետ բերել երեք օդաչուների դիերը: Միջազգային միջնորդական ջանքերը տապալվեցին: Տաս օր անց շատ բարձր մակարդակով որոշում կայացվեց ներթափանցել գիշերով չեզոք գոտի եւ հետ բրել դիերը: Այդ գործողության ընթացքում սպանվեցին երկու ազերի զինվորներ: Ղարաբաղի բանակը բերվեց մարտական ամենաբարձր պատրաստվածության: Այսպիսի գործողությունը կարող էր լայնամասշտաբ պատերազմի սկիզբը դառնալ, սակայն հայերը չէին կարող չհուղարկավորել իրենց ընկածներին:

Օդանավակայնը, որը կառուցվել է Ղարաբաղի մայրաքաղաքի մերձակայքում, պատրաստ է շահագործման, սակայն այն լուռ է, որովհետեւ Ադրբեջանը բագեիբաց հայտարարեց, որ կրակ է բացելու ցանկացած քաղաքացիական օդանավի վրա, որը կհայտնվի Ղարաբաղի երկնքում:

Դավիթն ու Գողիաթը, Գողիաթն ու Դավիթը

Դավթի ու Գողիաթի պատմությունն ամբողջ շաբաթ ուղեկցում էր ինձ: Ղարաբաղյան Դավիթը համոզված է իր արդարացի եւ հաղթանակած լինելու մեջ (ի դեպ, «Դավիթը», ինչպես նաեւ հինկտակարանային բազմաթիվ այլ անուններ, լայն տարածում ունեն Հայաստանում եւ Ղարաբաղում, հաճախ՝ եբրայերենի հետ համընկնող արտասանությամբ, երբեմն՝ հայերենի մասնիկների ավելացումով: Հայաստանում իմ բարկամներից մեկի անունը Դավիթ Դավթյան է, եւ նա հրեա չէ: Երկու լեզուներում կան նաեւ ոչ քիչ նման բառեր): Սկսած նախագահից եւ խորհրդարանի խոսնակից եւ մինչեւ ավագ սպաներն ու շարքային զինվորները՝ բոլորը համոզված են: Մենք խաղաղություն ենք ուզում եւ ձգտում ենք խաղաղության, սակայն պատրաստ ենք եւ պատերազմի, որում կհաղթենք: Բանակում 23 տարի ծառայած գնդապետը, ով երիտասարդ տարիներին մասնակցել է պատերազմին, գերեց ինձ նպատակին իր նվիրվածությամբ եւ իր պայքարի արդարացիության համոզմամբ: «Ինչո՞ւ ես դու երկար տարիներ ծառայում այսպիսի ծանր պայմաններում», հարցրեցի նրան: «Ես պաշտպանում եմ երկիրս, օջախս, ծնողներիս եւ նրանց ծնողների օջախները: Ես ամենի ինչի պատրաստ եմ»: Հարցրեցի նրան մարտական ընկերների կորստյան ցավի մասին: «Ես դա շատ անգամ եմ ապրել: Վերջին տարին այդ ցավը գրեթե անտանելի է դարձել: Սակայն պետք է տոկալ»:

Ղարաբաղի հայերն էական օգնություն են ստանում Հայաստանից, եւ ուրիշ ոչ մեկից: «Մենք ոչ մեկի վրա չենք կարող հույս դնել՝ միայն ինքներս մեր վրա: Մենք միայնակ ենք, ամբողջովին միայնակ»:

Ղարաբաղցիները ճառագայթում են հաստատակամություն, ինքնավստահություն, սեփական ուժին ապավինում եւ իրենց պայքարի արդարացիության համոզվածություն: Նրանք հպարտությամբ խոսում են «ղարաբաղյան ոգու»՝ որպես իրենց բանակի հզորության բաղադրիչի մասին:

Ին այցելության վերջին օրերին ինձ ուղեկցող Անուշը պատմեց պատերազմի ժամանակ իր ընտանիքի պատմությունը: Նա 26 տարեկան է, ծնվել է 1988-ի ամռանը, պայքարի սկզբից մի քանի ամիս անց: Նրա մի քույրը ծնվել է 1990-ին, պատերազմի ժամանակ, իսկ մյուս քույրը 1994 թ.՝ ճիշտ այն օրը, երբ ազատագրվել է իր հայրենի գյուղը:

Նա ունի մի քանի վառ հիշողություն: Նա հիշում է, թե ինչպես էին իր ընտանիքն ու գյուղի մյուց փախստականները սպասում անտառում բեռնակիրների եւ ուղղաթիռների ժամանումը, որոնք պետք է փրկեին նրանց: Ազերիները գրավեցին գյուղն ու այրեցին այն: Երկու տարի այն ազերիների ձեռքին էր, մինչեւ որ հայ զինվորներն ազատագրեցին այն՝ հրադադարից մեկ ամիս առաջ: Իր ընտանիքի անդմաները փախստական էին Երեւանում, ապա երկու տարի՝ Ռուսաստանում: 1997 թ. նրանք վերամիավորվեցին իրենց հոր մոտ: Ժամանակին գյուղում եղել է 2000 հազար բնակիչ, այժմ միայն 400:

Ես հաճախ մտածում եմ իմ երկրի՝ Իսրայելի մասին, իր գոյության առաջին տարիներին՝ Անկախության պատերազմին, 50-ականներին եւ 60-ականների սկզբին, Իսրայելի, որ մարտնչում էր իր գոյության համար, մինչեւ 1967-ի Իսրայելի եւ նրա բացառիկ ռազմական հաղթանակի մասին: Այսօր պատերազմը տարածքները պահելու, այլ ոչ թե գոյություն պաշտպանելու համար է: Ես չեմ կարող ազատվել մտքից, որ մենք էլ Դավթի ու Գողիաթի կռիվն ենք տանում: Ես դա ասում էի իմ ղարաբաղցի զրուցակիցներին՝ ուսանողներին, մտավորականներին, գրողներին: Նրանք գիտեն Դավթի ու Գողիաթի պատմությունը, նրանք ծանոթ են Հին Կտակարանին, որոշ մասերին՝ շատ լավեն ծանոթ:

Հրեական, իսրյաելական հարցը չի թուլանում նրանց եւ իմ մեջ: Միլիարդների արժողությամբ իսրայելական զենքը, որը ստանում է Ադրբեջանը, եւ տարիների ընթացքում հայկական ցեղասպանության՝ Իսրայլի կողմից չճանաչված մնալը, վերջին շաբաթներին նոր բաղադրություն տվեցին հայ-իսրայելական բարդ հարաբերություններին: Մոտ մեկ ամիս առաջ Իսրայելի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց մամլո ասուլիսում, որ Իսրայելը չի ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Նա չասաց «երբեք», ինչպես պնդում են հայերից ոմանք: Իսրայելի որեւէ ներկայցուցիչ երբեւիցե այդպիսի բան չի ասել: Երբ նրան հարցրեցին, թե ո՞վ է լիազորել նրան նման հայտարարություն անելու, դեսպանը պատասխանեց, «Ես նոր բան չեմ հայտնագործում, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն է այդպես ասել»: Ես սրա վերաբերյալ հրապարակային հաստատում չգտա, սակայն կասկած չկա, որ դեսպանի դիրքորոշումը վավերացված է արտգործնախարարի կողմից:

Սա եւս մեկ նվեր է Իսրայելից Հայաստանին ցեղասպանության հայրյուրամյակի տարվա կապակցությամբ: Ցեղասպաությունն աշխարհի երկրների մեծամասնությունը չի ճանաչել: Սակայն նա ժխտվում է, ոչ միայն «չի ճանաչվում», միայն իմ պետության՝ Հոլոքոստը վերապրածների պետության կողմից: Կասկած չկա, որ վարչապետը, անվտանգության նախարարն ու նաեւ նախագահը գիտեն, որ Ադրբեջանին վաճառվող նորագույն զենքն ունի միայն մեկ նպատակ՝ հաղթել եւ նվաճել Ղարաբաղը: Վտարել այդտեղից հայերին: Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասում է դրա մասին վերջին ամիսների իր բոլոր ելույթներում: 2012 թ. հայտնի դարձավ Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի զենք վաճառելու հսկայական գործարքի մասին (գործարքն, ի թիվս այլ զենքի, ներառում էր անօդաչու ինքնաթիռների վաճառք), իսկ անցած ամառ՝ գործարքից մեկ տարի անց, անվտանգության նախարար Մոշե Յաալոնն այցելեց Ադրբեջան: Այցից հետո նախագահ Իլհամ Ալիեւը շտապեց դեպի սահման եւ պարզաբանեց իր զինվորներին. «Մենք հաղթեցինք հայերին քաղաքականության մեջ, հաղթեցինք նրանց տնտեսության մեջ եւ այժմ հաղթելու ենք նրանց կռվի դաշտում: Մենք կավիրենք նրանց գյուղերն ու քաղաքները, եւ կվերադարձնենք մեր հողերը: Մենք ունենք աշխարհի ամենակատարյալ զենքը: (Դա այն զենքն է, որը վաճառում է Իսրայելը,-Յ.Ա.): Հայերը կրկին միայնակ են, եւ քաղաքականության մեջ հայերին, մենք հարվածում ենք նրանց տնտեսությանը: Այս պահին ռազմի դաշտում մենք կարող ենք հաղթել նրանց. Մենք կավիրենք նրանց գյուղերը եւ քաղաքները եւ մենք կվերադարձնենք մեր հողերը: Մեզ մոտ են աշխարհի ամենաժամանակակից զինամթերքը»:

Նա ի նկատի ուներ Իսրայելի (ի թիվս մյուս երկրների) կողմից զենքի վաճառքը:

Խորհրդային Միությունը բաժանված էր շրջանների` բնակեցված իր վերահսկողության տակ գտնվող տարբեր էթնիկ խմբերով՝ որպես «բաժանիր, որ տիրես» հանրահայտ իմպերիալիստական քաղաքականության մի մաս: Այսպիսով, Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին՝ ղարաբաղցիների կամքին հակառակ, եւ տարածաշրջանը կտրվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից: Այնուամենայնիվ, «Խորհրդային Ղարաբաղը» տարածքային առումով չէր համընկնում պատմական Ղարաբաղի տարածքին:

Խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանցիները բազմաթիվ հնարքների դիմեցին, որպեսզի ավելացնեն ադրբեջանցիների թիվը Ղարաբաղում եւ կրճատեն հայերինը, ովքեր 1920-ականների սկզբին բնակչության 95 տոկոս էին կազմում:

«Մենք բարբարոսներ չենք»

Սահմանամերձ շրջաններում ես տեսել եմ մի քանի ավերված գյուղեր: Տների եւ ցանկապատերի մնացորդները կարծես տապանաքարեր լինեն` ապշեցնող գեղեցիկ տարածաշրջանում: Տեսարանը հիշեցնում է ինձ այլ վայրերի պատերազմների հետեւանքով ավերված քաղաքները: Այստեղ դրանք քաղաքներ չեն, այլ գյուղեր՝ գեղեցիկ մի տարածաշրջանում: Այդուհանդերձ, բոլոր գյուղերում մզկիթները կանգուն են մնացել: «Մենք բարբարոսներ չենք», ասաց ինձ զինվորներից մեկը:

Օսմանյան կայսրությունը, Թուրքիան իր զարթոնքի շրջանում, այնուհետեւ Խորհրդային Ադրբեջանը հարյուրավոր եկեղեցիներ են ավիրել, իսկ մի մասը մզկիթների վերածել:

Նախագահ Սահակյանի հետ նախաճաշի ընթացքում ունեցած ծավալուն եւ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում նա հրաժարվեց որեւէ վատ բառ ասել ադրբեջանցիների մասին: Նա շարունակաբար կրկնում էր, որ իրենք խաղաղության են ձգտում, սակայն համոզված են իրենց հաղթանակի մեջ՝ պատերազմը վերսկսվելու դեպքում: Սակայն նա ընդգծեց. «Մեր երկարաժամկետ տեսլականն է անկախության ու խաղաղության նվաճումը եւ առաջադեմ եւ ժողովրդավար ազգերի ընտանիքի մեջ մեր տեղն ունենալը»:

Ղարաբաղում անցկացված օրերն իմ համար կարեւոր օրեր էին, եւ ես մտադիր եմ վերադառնալ այնտեղ: Ես նմանեցնում եմ ինձ հանուն ազատության եւ անկախության ղարաբաղցիների պայքարի հետ եւ հնարավորինս կջանամ ընդգրկվել այդ պայքարի մեջ: Ես դա անում եմ նախեւառաջ որպես մարդ արարած, բայց նաեւ որպես հրեա եւ իսրայելացի:

Եթե Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, ղարաբաղցիները կրկին միայնակ կմնան: Աշխարհը լուռ մնաց 1915-ին, լուռ մնաց Հոլոքոստի ժամանակ, լուռ մնաց Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, եւ շարունակում է լռել բազմաթիվ այլ նման դեպքերում:

Միտքն այն մասին, որ իսրայելական զենքը գնում է Ադրբեջանին, ինձ հանգիստ չի տալիս: Սա դավաճանություն է Հոլոքոստի եւ նրա զոհերի հիշատակի նկատմամբ, բարոյական սնանկության մի քայլ:

Երբ ես այնտեղ էի, լսեցի Իտաի Մակից` իսրայելցի փաստաբանից, որն աշխատում էր ինձ հետ, որպեսզի լույս սփռի իսրայելական զենքի վաճառքի վրա Սերբիայի եւ Ռուանդայի կառավարություններին՝ նրանց իրականացրած ցեղասպանությունների ժամանակ: Մինչ օրս Իսրայելի դատական համակարգը, հղում անելով անվտանգության նկատառումներին, հրաժարվում է բավարարել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված մեր պահանջը` տրամադրելու տեղեկատվություն: Մենք այժմ սպասում ենք գերագույն դատարանի վճռին:

Մի քանի ամիս է, ինչ մենք պահանջում ենք վերջ դնել Ադրբջանին զենքի լայնածավալ մատակարարմանը: Տարածաշրջանը բնութագրվում է որպես լարված տարածաշրջան, որը կարող են տեղի ունենալ հումանիտար աղետ եւ պատերազմական հանցագործություններ:

Պաշտպանության նախարարության Անվտանգության արտահանման բաժնի վարիչի պաշտոնակատար Յորամ Զիֆլինգերը այս տարվա փետրվարի 24-ին գրել էր մեզ. «Ամեն մի որոշում իր մեջ տարբեր նկատառումներ է պարունակում, որոնց բոլորի ընդհանուր հայտարարն ազգային շահն է»:

Ադրբեջանին ռազմական վաճառքների թեմայի վերաբերյալ «Հաարեց» թերթի հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարության խոսնակը նշել էր. «Նախարարությունն ընդհանուր առմամբ չի անդրադառնում ռազմական արտահանման հարցերին»: