«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնության վերաբերյալ իշխանության փաստարկները բացարձակ անհամոզիչ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀԽ անդամների կալանավորման փաստը:

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի հայտարարությունը՝ նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կանխելու վերաբերյալ, իրավական տեսանկյունից բավարար չեն:

Զոհրաբյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական կազմակերպություն իրավունք ունի ցանկացած միջոցառում անցկացնել, որն արգելված չէ օրենքով: «Մենք իրավապահ մարմիններից սպասում ենք նոր հիմնավորումների: Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը հետեւում է իրավիճակին: Մենք պահանջելու ենք թափանցիկություն»,-հավելել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը: Ապրիլի 9-ին նրանցից 5-ին կալանավորվել են:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: