Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը գազի սակագնի  նվազեցման իր պատկերացումներով օրինագիծ կներկայացնի: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով  Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետվության շուրջ քննարկումներն ավարտվել են նախօրեին:

«Հարցը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի՝ հաշվի առնելով հասարակության, հատկապես բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար դրա ծայրահեղ կարեւորությունը, », - ընդգծեց Զուրաբյանը: Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում Հայ ազգային կոնգրեսը իրավապահ մարմիններին կներկայացնի գազի դիմաց ռուսական «Գազպրոմի» նկատմամբ 300 մլն դոլար կուտակված պարտքի ձեւավորման օրինական լինելու վերաբերյալ իր պատկերացումները: