Եթե ԲՀԿ շարքային անդամներ որոշել են անցնել «Օրինաց երկրի» շարքերը, պետք է չէ դրանից մի ամբողջ պատմություն սարքել։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ոչ մի պատգամավոր, այդ թվում՝ նրանք, ովքեր լքել են կուսակցության շարքերը, չի պատրաստվում միանալ ՕԵԿ-ին եւ անգամ չի էլ մտածում այդ մասին։

«Իսկ եթե ասենք ինչ-որ մի գյուղում ինչ-որ Վարդուշ Վարդուշիկյան կամ Հայկուշ Հայկուշիկյան ցանկություն է հայտնել դուրս գալ «Բարգավաճ Հայաստանից» եւ անդամակցել ՕԵԿ-ին ու դա համարում է իրենց համար լրջագույն քաղաքական ձեռքբերում, ապա ես շնորհավորում եմ իրենց այդ ձեռքբերման համար»,- քամահրանքով ասել է Զոհրաբյանը։