Հայկական ազգանուններով ինչ-որ մարդիկ փորձում էին տապալել ամեն հայի համար կարեւոր ապրիլի 24-ի միջոցառումները։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա կարծիքով՝ իրավապահները շատ ճիշտ են  վարվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ակտիվիստներին ձերբակալելով։ «Իրավապահները մեկ տարի առաջ արդեն գիտեին, թե ինչ կարող է կատարվել։ Ակտիվիստների ագրեսիվ հայտարարություններից կարելի էր միանշանակ եզրակացություն անել, որ սադրանքներ են լինելու։ Հանրահավաքը կարող էր վերածվել անկառավարելի ամբոխի։ Դրա համար մի քանի հազար մարդու մեջ հերիք է 2-3 սադրիչ։ Եթե այն օրը, երբ ողջ աշխարհը մեզ հետ կիսում է մեր ցավը, իսկ հայկական ազգանուններով ինչ-որ մարդիկ մտադիր են խանգարել դրան եւ շեղել ուշադրությունը, ապա նրանց անհրաժեշտ է մեկուսացնել այդ ժամանակահատվածի համար»,- ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը: Ապրիլի 9-ին նրանցից 5-ին կալանավորել են:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: