Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ ապրիլի 10-ին, քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել եւ 2015 թ. շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ՝ հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, համակարգի արդիականացման, տեխնիկական հագեցվածության բարձրացման եւ գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ:
ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել եւ ներկայացվել է «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության գերակա խնդիրների շրջանակում կատարվել են պարեկային ծառայության նոր մոդելի ներդրման ուսումնասիրություններ եւ վերլուծություններ՝ հասարակական կարգի եւ անվտանգության առավել օպերատիվ եւ արդյունավետ ապահովման նպատակով:
ՀՀ ոստիկանապետը նշել է, որ հաշվետու տարում մեկնարկել է ՀՀ ողջ տարածքում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, որի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թ. որոշմամբ, ավագ դպրոցներում տեսուչների թիվը համալրվել է 47-ով, գրեթե ողջ ծավալով անցում է կատարվել նույնաչափական քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի, քաղաքացիների համար ստեղծվել է սահմանային անցակետերում շուրջօրյա ռեժիմով, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու եւ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն, տեխնիկապես կատարելագործվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում կատարվող գրանցումների համակարգը: Ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ արդյունավետ համագործակցությունը, ոստիկանության աշխատակիցների համար իրականացվել են սոցիալական պայմանների բարելավման ծրագրեր:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության 2015 թ. անելիքներին եւ այս առումով կարեւորել բարեփոխումների ու տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը, ինչը կնպաստի ոստիկանության համակարգի արդիականացմանը, հզորացմանը եւ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:





























