Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Էդգար Մարտիրոսյանը եւ Սարգիս Գաբրիելյանն ապրիլի 8-ին այցելել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող իրենց մյուս ընկերոջը՝ Գոռ Դարմանյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ Սարգիսն ու Էդգարը զրուցել են Գոռի հետ, նրան ոգեւորել:

«Գոռի վիճակն ընդհանուր առմամբ ծանր է, սակայն կամաց-կամաց դեպի լավն ենք գնում: Դրական դինամիկա կա, իսկ Սարգիսն ու Էդգարը հիվանդասենյակներում են, ազատ տեղաշարժվում են»,- ասաց հոսպիտալի պետը՝ նշելով, որ Սարգիսի եւ Էդգարի դուրս գրման մասին դեռեւս վաղ է խոսելը:

Նշենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ: Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: