Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղյակ չէ իր տեղափոխման մասին լուրերից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե դրանք հավաստի լինեին, իր կարծիքը եւս հաշվի կառնեին:

ՇՄ դատախազը այժմ գտնվում է արձակուրդի մեջ, անձնական հարցեր կային Երեւանում լուծելու, այդ պատճառով գլխավոր դատախազից 14 օրով արձակուրդ է խնդրել: «Ես ամեն դեպքում նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, որեւէ մեկը տեղափոխության հետ կապված ինձ ոչինչ չի ասել»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Հարցին, թե հնարավոր է  այս փոփոխությունը կապված լինի ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կատարված փոփոխությունների հետ, դատախազն ասաց, որ ոստիկանական համակարգում փոփոխությունները չեն կարող բերել դատախազական համակարգում փոխոփության, եթե պատճառները փոխկապակցված չեն: Նա շեշտեց, որ դրանք տարբեր համակարգեր են, միշտ էլ փոփոխություններ լինում են: Ամեն դեպքում, Րաֆֆի Ասլանյանը բնական եւ հասկանալի է համարում, որ իրեն մի օր կարող են տեղափոխել Երեւան: «Բնական եւ հասկանալի է որ եթե ես երեւանցի եմ,  աշխատում եմ Շիրակում, ցմահ չեմ կարող մնալ այնտեղ, կգա ժամանակահատված, գուցե տեղափոխման հավանականություն լինի, բայց թե երբ, ինչպես, ես տեղյակ չեմ»,-ասաց դատախազը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին կտեղափոխեն այլ աշխատանքի: Մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է նրան տեղափոխել Երեւան՝ այլ աշխատանքի: Առայժմ չի հաջողվել պարզել, թե որտեղ նա կանցնի այլ աշխատանքի եւ ով կլինի Շիրակի դատախազը:

Նշենք, որ տարեսկզբից Շիրակի մարզում մեկը մյուսի ետեւից աղմկահարույց դեպքեր են գրանցվում՝ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Ավելի վաղ պաշտոնանկ էին արել Շիրակի մարզի ոստիկանապետին, ոստիկանության տարածքային բաժանմունքի պետերին: Վարդան Նադարյանի փոխարեն այդ պաշտոնին նշանակվել էր Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: