Հուլիսի 27-ին Անկարայում Դեվիդ Քեմերոնը դատապարտել է Ֆրանսիային եւ Գերմանիային, որ նրանք դեմ են հանդես գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Գրում է բրիտանական The Guardian-ը:

Կրքոտ կերպով պաշտպանելով Թուրքիային, Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրել է Փարիզին ու Բեռլինին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: «Նրանք ակնկալում են, որ Անկարան կպաշտպանի Եվրոպայի սահմանները, որպես ՆԱՏՕ-ի անդամ, սակայն փակում են դռները նրա ԵՄ անդամակցության առջեւ»,- ասել է նա:

«Երբ ես մտածում եմ այն մասին, թե ինչ է արել Թուրքիան Եվրոպային պշտպանելու համար որպես ՆԱՏՕ-ական դաշնակից եւ ինչ է անում Թուրքիան այսօր Աֆղանստանում մեր եվրոպացի դաշնակիցների հետ, դա ինձ ստիպում է բարկանալ, որ ձեր առաջընթացը դեպի ԵՄ անդամակցություն կարող է հանդիպել խոչընդոտների, ինչպես դա արդեն եղել է»,- նշել է Քեմերոնը Անկարայում ունեցած իր ելույթում: «Ես կարծում եմ, որ ուղղակի սխալ է ասել, որ Թուրքիան կարող է հսկել ճամբարը, բայց նրան թույլ չի տրվում նստել վրանում»,- հավելել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել է որոշ եվրոպացիների, որոնք աշխարհը տեսնում են «քաղաքակրթությունների բախման պրիզմայով»: Նա նշել է. «Թուրքիան կարող է մեծ միավորող լինել, որովհետեւ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ ընտրության փոխարեն, Թուրքիան ընտրել է երկուսն էլ: Եվ հենց դա էլ այդդքան կարեւոր է դարձնում Թուրքիայի դերը»:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում մտահոգություն ունեն, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիմադրությունը կարող է հանգեցնել նրան, որ Անկրան թողնի Եվրոպան եւ հյացքն ուղղի դեպի Արեւելք: