Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի պատրաստվում դիմավորել ըստ որոշ տեղեկությունների վաղը Գյումրի այցելող ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանին: Մարզպետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ հանդիպում նախատեսված չէ:
Ֆելիքս Ցոլակյանը նորմալ է վերաբերում Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին: «Լսել եմ, որ բարեկամական կապ կա Գյումրիի հետ, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Նորմալ երեւույթ է, ոչ մի վատ բան այդտեղ չկա, նա եկել է իր պապերի հայրենիքը»,-ասաց մարզպետը՝ հավելելով, թե չի կարծում Գյումրիում Քիմի այցի հետ կապված արտառոց դեպքեր լինեն:
Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ հանդիպում նախատեսված չէ, ընդամենը լուրերի մակարդակով լսել են, որ նա գալու է Գյումրի:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել ապրիլի 8-ին: Նա երեկ շրջել է Երեւանով, այցելել «Մայր Հայաստան» հուշակոթող, Կասկադ, հանդիպել վարչապետի հետ, այնուհետեւ գնացել Գառնի, Գեղարդ համալիր: Քարդաշյանները հողատարածք են նվեր ստացել Վահագնի թաղամասում:




























