Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում վերջին մի շաբաթվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ դուրս են եկել տնից եւ այլեւս չեն վերադարձել: Գյուղապետ Եսայի Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 6-ին, երեկոյան 22.00-ին, տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Մարիամ Տոնոյանից որեւէ տեղեկություն չկա: Աղջիկը ամուսնացած չէ, ապրում է հոր, պապիկի, տատիկի հետ, մայրը մահացել է: Իսկ թե ինչ-որ վիճաբանություն կամ կռիվ է նախորդել տնից հեռանալուն, գյուղապետը նշեց, որ նման բան չի եղել:

Եսայի Մովսիսյանից տեղեկացանք, որ աղջիկը գյուղից որեւէ ընկեր չի ունեցել, բայց հնարավոր է ուրիշ տեղից է ընկեր ունեցել, ում հետ էլ փախչել է, սա ընդամենը ենթադրություն է:

Մայիսյանի գյուղապետը նշեց նաեւ, որ երկու օր առաջ էլ 21-ամյա մի աղջիկ է դուրս եկել տնից եւ այժմ չկա: Նա նշեց, որ ընտանիքում ապրում էին հայրը, մայրը, քույրը եւ եղբայրը, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում: Թե ինչն է եղել այս աղջկա անհետանալու պատճառը, եւս հայտնի չէ, սիրային խնդիրներ ունենալու վարկածը ծնողները հերքում են: Եսայի Մովսիսյանը հավելեց, որ ամբողջ օրը ոստիկանները, գյուղացիները որոնում են աղջիկներին: