Հայ ազգային կոնգրես խմբակցությունում ամեն ինչ նորմալ է, որեւէ պառակտում չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խորհրդարանի կողմից հայտարարությունն ընդունելու նախագծի շուրջ խմբակցությունում առաջացած տարաձայնություններին:

Պատգամավորը չասաց՝ կմասնակցի այդ նիստին, թե ոչ եւ ինչպես կքվեարկի: «Անհասկանալի է՝ դրանով ինչ պառակտում են տեսնում ՀԱԿ խմբակցությունում, մենք որեւէ բան չեն ասել՝ ինչ կերպ ենք մասնակցելու, կլինի, կերեւա՝ ով ոնց է մասնակցում նիստին»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա շեշտեց, թե ինչպես կարող է պառակտված խմբակցությունը գազի հանձնաժողովի ներկայացրած եզրակացության վերաբերյալ միասնական դիրքորոշում հայտնել:

ՀԱԿ պատգամավորը պառակտման ոչ մի նշան չի տեսնում, միաժամանակ շեշտում է, որ խմբակցությունում կա 3 կուսակցություն, տարբեր ներկայացուցիչներ տարբեր հարցերում կարող են ունենալ տարբեր դիրքորոշում:  Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ չի կարծում, թե իմաստ ունի այդ թեմայով աղմուկ բարձրացնել, քանի որ սա այն խնդիրն է, որի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը, որն առանց այն էլ միատարր չէ, կանգնած է հերթական պառակտման եզրին: Այս անգամ խմբակցության ներսում տարածայնությունների պատճառ է դարձել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խորհրդարանի կողմից հայտարարությունն ընդունելու նախագիծը: Այդ տարաձայնությունների հրապարակային դրսեւորումը տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջանում, որը պետք է հրավիրվի մինչեւ ապրիլի 24-ը հայտարարությունը քվեարկությամբ ընդունելու համար:

ՀԱԿ-ը դեմ է նման հայտարարություն ընդունելու գաղափարին եւ պատրաստվում է բոյկոտել այդ քվեարկությունը: ՀԱԿ խմբակցության նախագահն իրենց դիրքորոշումը բացատրում էր հայտարարության մեջ Համահայկական հռչակագրին արված հղումով, իսկ վերջինում էլ կան դրույթներ հայ ժողովրդի՝ Թուրքիայից ունեցած հողային պահանջների մասին:

ՀԱԿ խմբակցության անդամ երկու պատգամավորներ՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մտադիր են ոչ միայն մասնակցել արտահերթ նստաշրջանին, այլեւ կողմ քվեարկել այդ հայտարարության ընդունմանը: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ են պահել ՀԱԿ խմբակցության ղեկավարին իրենց դիրքորոշման մասին, ինչի պատճառով էլ Զուրաբյանը ստիպված է եղել հայտարարություն տարածել միայն ՀԱԿ խմբակցության անունից»: