Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում 2014թ. մարտի 20-ին մահացած զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում: Դատավորն Անդրանիկ Մնացականյանն է:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Հակոբյանը 2014թ. մարտի 14-ից մինչեւ մարտի 28-ը նշանակված լինելով մարտական հերթապահության, 2014թ. մարտի 19-ին նախապես տեղյակ է եղել, որ դիրքի առաջնագծի խրամուղու աջ եւ ձախ հատվածները երկարացնելու համար զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ: Սակայն Գեւորգը, մարտական հերթապահության կրելու կանոնների նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք, խախտել է նախատեսված պահաջները: Արդյունքում տվյալ պահին խրամուղու մեջ գտնվող ականազերծման աշխատանքներին ընդգրկված ժամկետային զինծառայող`Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղում մահացել, իսկ կապիտան Վարազդատ Զաքարյանը ոտքերի զույգ ազդրերի շրջանում ստացել է առողջության միջին վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ` առաջացնելով ծանր հետեւանքներ:
Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր:





























