«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Արամ Հակոբյանին ապրիլի 11-ի գիշերը ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ ձերբակալված անդամների փաստաբաններից Հայկ Գրիգորյանը:
Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահել): Քննիչը միջնորդել էր դատարանին՝ կիրառել խափանման միջոց կալանք, սակայն զարմանալիորեն դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և որոշում կայացրել որպես այլընտրանքային միջոց կիրառել գրավ 500 000 ՀՀ դրամի չափով: Արամ Հակոբյանի հարազատները վճարել են գրավը և այդ վճարումը հավաստող անդորրագրոով ու դատարանի որոշմամբ ներկայացել քրեակատարողական հիմնարկ, սակայն հերթափոխի պետ ոմն Էդո Սարգսյանն ասել է, որ իրեն պետք է ներկայացնեն քննիչի որոշումը, որպեսզի վերջինս ազատ արձակեն: Հայկ Գրիգորյանից տեղեկացանք, որ Արամ Հակոբյանին գիշերը ազատ են արձակել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը: Ապրիլի 9-ին նրանցից 5-ին կալանավորվել են:
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























