Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իտալիա մեծ աջակցություն է տեղի հայ համայնքի համար, որը պատրաստվում է նշել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը, գրում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի տեղեկատվական կայքը՝ Romait-ը։

Եվրոպայի դռների առջեւ տեղի ունեցած 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն մարդ, գրում է պարբերականը։

«Չպետք է մոռանանք. հայերը առաջինն էին, որ քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն։ Հայերը ազգն են բիբլիական Արարատի, որից, համաձայն Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո կրկին սկիզբ է առել կյանքը երկրի վրա։

Առաջիկա կիրակի նախագահը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա կգտնվի պատարագին, որը կմատուցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Հիշատակի միջոցառումներ կկայանան նաեւ իտալական մյուս քաղաքներում»,- նշում է պարբերականը։ 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Հռոմի Կապիտոլիումի բլրի վրա՝ Սենատորների պալատում, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել։ Հայաստանի նախագահը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոյի հետ։ Նախագահն ու քաղաքապետը մասնավոր զրույց են ունեցել Հռոմի ղեկավարի նստավայրում, գրում է պարբերականը։

Հանդիպման ընթացքում քաղաքապետն ու նախագահը քննարկել են Հռոմի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ավարտին զրուցակիցները նվերներ են փոխանակել։ Սարգսյանը Մարինոյին մագաղաթ է նվիրել, որի վրա գրաբարով գրված է Երեւանի հիմնադրման պատմությունը։ Հռոմի քաղաքապետը Սարգսյանին նվիրել է 1984թ. պատրաստված Կոլիզեումի փորագիր պատկեր։