ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայացած նիստում որոշել է ընդունել Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկը եւ շախմատային թագի հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխել Թաթարստանի մայրաքաղաք Կազան: Մրցաշարը տեղի կունենա 2011-ի գարնանը: Հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեմ էր հանդես եկել Գրան Պրիի հաղթող Լեւոն Արոնյանը: «Спорт-Экспресс»-ին Իլյումժինովն ասել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները մասնակիցների հարցում պահպանվել են եւ Ադրբեջանը կունենա երկու գրոսմայստեր:
Մասնակիցների կազմը.
Լեւոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) եւ Շաքիրյար Մամեդյարովը (Ադրբեջան):
Իլյումժինովը աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովին հորդորել է մասնակցել Կազանի մրցաշարին, հակառակ դեպքում նրա տեղը կզբաղեցնի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վեսելին Տոպալովը հայտարարել էր, որ եթե մրցաշարն անցնի Ռուսաստանում, ինքը չի մասնակցի:



























