Կահիրեի քրեական դատարանը հաստատել է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Բադիայի եւ նրա 13 համախոհների մահվան դատավճիռը։ Բացի այդ, այդ շարժման 37 ակտիվիստ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2013թ. ամռանը՝ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալման ժամաակ, քաոս եւ բռնություն սադրելու մեղադրանքով, գրում է ՏԱՍՍ-ը։
Ի սկզբանե դատարանը որոշում էր կայացրել մարտի 16-ին եւ համաձայն գործող իրավական ավանդույթի՝ դատավճիռը փոխանցվել էր երկրի գերագույն մուֆթիի հաստատմանը։ Դրանից հետո դատարանը պարտավոր էր վերջնական դատավճիռ կայացնել։
Ցմահ ազատազրկման դատապարտվածների թվում է ծագումով Եգիպտոսից ԱՄՆ քաղաքացի Մուհամմեդ Սուլթանը, որը եգիպտացի քարոզիչ Սալահ Սուլթանի որդին է։ Սալահ Սուլթանը մահվան դատապարտվածների ցուցակում է։





























